Իտալիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է Euronews-ը:
Երկուշաբթի Իտալիայում շարունակվում են հորդառատ անձրևները, ինչի կապակցությամբ իշխանությունները հերթական անգամ նախազգուշացրել են հնարավոր փոթորկի մասին: Միաժամանակ, Պո գետի մակարդակը բարձրացել է 4 մետրով, ինչի պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել գետի վրա գտնվող Թուրին քաղաքի բնակիչներին տարհանվել: Թուրինում և Միլանում փակ են ուսումնական հաստատությունները: Նոյեմբերի 6-ին ջրհեղեղի վտանգի պատճառով հետաձգվել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Նապոլի»-«Յուվենտուս» հանդիպումը:
Ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ, այս պահին Իտալիայի հյուսիսում իրավիճակը աստիճանաբար կարգավորվում է, Պո գետի մակարդակը սկսում է նվազել: Մոտ 100 տարհանված ընտանիքներ կարողացել են իրենց տներ վերադառնալ:
Հորդառատ անձրևները հեղեղել են նաև Ֆրանսիայի հարավային շրջանները: Այստեղ անցած հանգստյան օրերին ավելի քան 200 մարդ է տարհանվել, երեք մարդ զոհվել է: Բացի այդ, փոթորկային եղանակ է սպասվում նաև Իսպանիայում: