Home / Հայաստան / Թուրքիայի հայ համայնքում բողոքում են հայկական հիմնադրամերից մեկի դեմ

Թուրքիայի հայ համայնքում բողոքում են հայկական հիմնադրամերից մեկի դեմ

Տարիներ շարունակ Թուրքիայի հայ համայնքում խոսվել է, որ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղակայված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը ոչ ժողովրդավարական քաղաքականություն է որդեգրել և ղեկավարվում է ոչ ժողովրդավար ուղիներով:

Նշենք, որ Թուրքիայի ամենամեծ և հարուստ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը ղեկավարվում է խորհրդի միևնույն անդամների կողմից արդեն շուրջ 30 տարի:

Հիմնադրամում տեղի ունեցած վերջին զարգացումները էլ ավելի են տրամադրել հայ համայնքին հանձնաժողովի անդամների դեմ. վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 6000 ստորագրություն է հավաքվել ընդդեմ հիմնադրամի: Հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ տվյալ հիմնադրամում անգամ արդար ընտրություններ չեն անցկացնում: Մասնավորապես, հիմնադրամի խորհրդի անդամներն անցյալ տարի վերընտրվել են արդեն 6-րդ անգամ:

Թուրքական Radikal պարբերականը հոդված է պատրաստել Ստամբուլի հայ համայնքի բողոքի ակցիայի վերաբերյալ, ինչի կապակցությամբ զրուցել է գործարար Էֆրիմ Բագի հետ, ով նախորդ տարի իր թեկնածությունն էր առաջադրել խորհրդի անդամ դառնալու համար, սակայն չէր ընտրվել:

«Մենք պարզապես արդար ընտրություններ են ցանկանում և ուզում ենք իրազեկված լինել հիմնադրամի եկամուտների և բյուջեի մասին: Սա եկեղեցու հիմնադրամն է, որը պատկանում է բոլոր հայերին և ոչ թե նրանցից մի քանիսին», – ասել է Բագը:

Նշենք, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների հիմնադրամների եկամուտները կուտակվում են եկեղեցի այցելող մարդկանց նվիրատվություններից: Հավաքված գումարը տնօրինվում է հիմնադրամի խորհրդի կողմից` ծախսվելով համայնքի կարիքների համար: