Արդար ընտրությունների դեպքում խորհրդարանում որևէ կուսակցություն մեծամասնություն չի կարող ունենալ և քաղաքական առումով այսօրվա ընդդիմադիր դաշտի կուսակցությունները կլինեն առաջնային: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ում է ինքը տեսնում խորհրդարանում 2012-ի ընտրություններից հետո, Մարտիրոսյանը չի բացառել, որ ԱԺ-ում նոր ուժեր ի հայտ կգան:
«Բայց մենք տեսնում ենք, որ իշխող կուսակցություններն, այսպես ասեմ, վարչական ռեսուրսի բացահայտ և անսքող, նույնիսկ բիրտ օգտագործում են սկսել: Այս պարագայում դեռևս ոչ մի բան հույս չի ներշնչում, որ մենք արդար ընտրությունը կունենանք»,- ասել է պատգամավորը:
Նա պատմել է, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր ակտիվի հետ նախատեսվող հանդիպումներից մեկը ցանկանում էր դպրոցի դահլիճում անցկացնել, բայց նրանց մերժել են՝ ասելով, որ դպրոցը, ըստ օրենքի, կուսակցականացնելու հետ կապված խնդիր ունի և արգելվում է նման հանդիպում անցկացնելը:
«Բայց հիմա՝ այս եռուն շրջանում, երբ դպրոցում հանրապետական դրոշներ, չգիտեմ, շքանշաններ, վարչապետն իր բարձր հովանու ներքո կուսակցական տոմսեր է բաժանում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, որևէ մեկը չի ասում, որ օրենքի կոպիտ խախտում եք անում, այսինքն` նմանատիպ գործելաոճը միանշանակ հեռու է արդար, ազնիվ ընտրությունների գաղափարից»,- ասել է Արմեն Մարիտրոսյանը:
Վերջինիս կարծիքով` խորհրդարանական ընտրությունների զարգացումները շատ ավելի շուտ են սկսվել և հիմա էլ սրընթացի մեջ են:
Պատգամավորը նշել է, որ նախորդ շաբաթ բարձրաստիճան պաշտոնյաների ազատումն իրենց պաշտոններից բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում է, և պաշտոնանկություններ դեռ էլի կլինեն:
Բուն զարգացումների գագաթնակետը, Մարտիրոսյանի խոսքով, կլինի բուն քարոզչաշրջանում՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Պատգամավորը նաև նշել է, որ վերադասավորումներ կլինեն և’ իշխանական, և’ ընդդիամադիր դաշտում:
Մարտիրոսյանն ասել է, որ այս պահին կուսակցությունը մտադիր է միայնակ գնալ ընտրություններին, բայց նաև չի բացառել, որ «Ժառանգությունը» կարող է մասնակցել որևէ դաշինքով: