Հայաստանի շախմատի ընտրանին շարունակում է հաջող ելույթ ունենալ Հունաստանի Պորտո Կառաս քաղաքում անցնող Եվրոպայի թիմային առաջնությունում: Այսօր ավարտված 6-րդ տուրում հայաստանցիները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին Իսպանիայի հավաքականին: Առաջին երեք տախտակներին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքիներ խաղացին, համապատասխանաբար, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Իվան Սալգադոյի և Միգել Իլյեսկասի հետ, իսկ ահա 4-րդ տախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սևերով 36-րդ քայլին պարտության մատնեց Խուլեն Արիսմենդիին:
Նշենք, որ Գաբրիել Սարգսյանը 6 հնարավորից 5 միավոր է վաստակել է, որը մրցաշարի լավագույն արդյունքն է:
Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր և այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: Նույնքան միավոր են վաստակել Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրանիները, որոնք մեր թիմին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս երեք թիմերից առաջ են Ռումինիան, Ադրբեջանը և Բուլղարիան, որոնք վաստակել են 10-ական միավոր: