Երեկ ԱՄՆ-ում քաղցկեղից մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջո Ֆրեյզերը, ով 20-րդ դարի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահայտնի հակամարտության մասնակիցն է: Այդ հակամարտության մյուս մասնակիցն է բռնցքամարտի մեկ այլ լեգենդ Մոհամեդ Ալին:
Ջո Ֆրեյզերն աչքի է ընկել դեռևս սիրողական բռնցքամարտում` 1964 թվականին ԱՄՆ-ի դրոշի ներքո նվաճելով Օլիմպիական խաղերի հաղթողի կոչումը գերծանր քաշային կարգում:
70-ական թվականներին նա պայքարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում Մոհամեդ Ալիի և Ջորջ Ֆորմենի հետ` չեմպիոնի կոչումը պահպանելով 3 տարի շարունակ` 1970-ից մինչև 1973 թվականը:
Նրա ամենամեծ հաղթանակը գրանցվել է 1971 թվականին Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդենում» կայացած «Դարի մրցամարտում», երբ նա հաղթանակ է տոնել Մուհամեդ Ալիի նկատմամբ 15-րդ ռաունդում:
Հետագայում Ֆրեյզերը ևս երկու անգամ մրցել է Ալիի հետ և պարտվել է: Աշխարհի չեմպիոնի կոչումը նա կորցրել է 1973-ին` պարտվելով Ջորջ Ֆորմենին: