2012 թվականի Հայաստանի պետական բյուջեն անգամ գոյատևման բյուջե չէ: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Այս բյուջեին կարելի է կցել հայկական հետևյալ ասույթը` «Եղունգ ունես, գլուխդ քորի»: Այսինքն ամեն մեկն իր ճարը պետք է տեսնի», – նշել է պատգամավորը:
Նա անդրադարձել է 2012-ի պետբյուջեում նախատեսված շքեղության հարկի մասին կետին` նշելով, որ դա ընդամենը կիսաքայլ է:
Մարտիրոսյանի խոսքով` սխալ է, երբ շքեղ մեքենաները հարկվում են, իսկ շքեղ առանձնատները` ոչ:
«Հայաստանում կան առանձնատներ, որոնք այդ շքեղ մեքենաների հարյուրապատիկ ավել թիվ ունեն, և այս դեպքում ևս պետք է կատարվեն լիարժեք քայլեր», -նշել է «Ժառանգության» ներկայացուցիչը:
Նա նշել է, որ նոր բյուջեում 50 տոկոսից ավել կազմելու են անուղղակի հարկերը:
«Դա նշանակում է, որ հիմնականում հարկերը տալու ենք մենք բոլորս մեր գրպանից: Ոչ թե եկամուտից ու շահույթից է լինելու, այլ բացառապես մեր գրպանից», – ասել է Մարիտրոսյանը:
2012-ի բյուջեի առնչությամբ պատգամավորը հիշել է Վազգեն Մանուկյանի վարչապետ եղած ընթացքում արված հայտարարությունը:
«Ինչպես դեռևս 90-ականների սկզբին, երբ որ վարչապետ էր Վազգեն Մանուկյանը, և մենք տնտեսական դժվարությունների առջև պետք է կանգնեինք, ինքը խորհուրդ տվեց տնային տնտեսուհիներին որքան կարող են շատ պահածոներ պատրաստեն այդ տարի: Ես կարծում եմ, որ նմանապես ազնիվ և ճիշտ կլիներ, որ կառավարությունը ևս նմանատիպ կոչով դիմեր բնակչությանը, որ որքան հնարավոր է պահեստավորեք, որ կարողանաք թեթև տանել այն ճգնաժամային իրավիճակները, որ կարող են առաջանալ»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: