Ամբողջ աշխարհում այս օրերին ամուսնանալ ցանկացող զույգերը դիմում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններ (ՔԿԱԳ)` ցանկանալով իրենց ամուսնությունը գրանցել նոյմեբերի 11-ին` հաշվի առնելով թվերի դասավորությունը` 11.11.11:
Համաշխարհային միտումը չի շրջանցել նաև Հայաստանը, որտեղ զույգերը նույնպես ամեն կերպ փորձում են հիշարժան դարձնել իրենց ամուսնության օրը:
«Բավական մեծ հերթեր են գոյացել գործակալություններում՝ հատկապես այդ օրվա հետ կապված: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հայերը մեծ նշանակություն են տալիս խորհրդանշական այս թվերին», – Epress.am-ի հետ զրույցում նշել է ՔԿԱԳ տնօրենի տեղակալ Արգամ Ստեփանյանը:
Չնայած գործակալությունները հիմնականում ծանրաբեռնված են եղել դիմումներով` Արաբկիր վարչական շրջանի ՔԿԱԳ-ի տնօրեն Կարինե Շահբազյանը մեզ հետ զրույցում նշել է, որ այդ օրվա համար իրենք ընդամենը վեց դիմում են ստացել:
Նոր Նորք վարչական շրջանի ՔԿԱԳ-ի տնօրեն Հասմիկ Հարությունյանը, ընդհակառակը, տեղեկացրել է, որ դիմումների թիվն իրենց վարչական շրջանում շատ է եղել:
«Շատ մեծ թվով դիմողներ ենք ունեցել: Դեռևս ապրիլ ամսից էին ցանկանում գրանցվել: Սակայն, հաշվի առնելով հնարավորությունների սղությունը, ընդունել ենք ընդամենը տասնհինգ դիմում», – ասել է Հարությունյանը:
Պատկերն առավել հետաքրքիր է Կենտրոն վարչական շրջանի ՔԿԱԳ-ում: Այս գործակալությունն առանձնանում է գրանցված ամուսնությունների զարմանալի օրինաչությամբ:
«Մեր գործակալությունը տարբերվում է մնացածներից նրանով, որ շատ զարմանալի զուգադիպություններ են եղել: 07.07.2007թ. ունեցել ենք յոթ դիմում, 08.08.2008թ.՝ ութ դիմում, 09.09.2009թ.՝ ինը դիմում, իսկ այս պահի դրությամբ դիմումները տասն են և, հուսով ենք, որ մինչև ամսի տասնմեկը դիմումները կավելանան», – Epress.am-ի հետ զրույցում ասել է տնօրեն Գայանե Սաֆարյանը:
Հարցին, թե նախորդ տարիների համեմատ ամուսնության աճի միտում նկատվո՞ւմ է, Գայանե Սաֆարյանը պատասխանել է. «Անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ թիվը բավականին աճել է: Եթե նախորդ տարի մեր գործակալությունում գրանցվել է 520 ամուսնություն, ապա այս տարի թիվը հասել է 620-ի»:
Հիշեցնենք, որ ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու oրվանից 10 օր հետո, իսկ բոլոր ամուսնացածներին, ովքեր ՔԳԱԿ-ի պետական գրանցում չունեն, սակայն առկա են քսան շաբաթական հղիության փաստը կամ հայրական ազգանունը կրող երեխա, կամ երեխաներ, ՔԳԱԿ-ում կարող են ամուսնությունը վավերացնել ոչ ուշ, քան երեք-չորս օրերի ընթացքում: