22.50 Այսօր Թումանյան-Խանջյան խաչմերուկում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է երկու, այլ ոչ թե մեկ մարդ: Ինչպես «Շանթ» հեռուստաալիքի «Հորիզոն» լրատվականին հայտնել է «Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկը, վիրավորներից 40-ամյա Ռադիկ Զիրոյանի մոտ ախտորոշվել է աջ սրունքի վերին երրորդականի և ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վնասվածք, իսկ 52-ամյա Լևոն Ավետիսյանի մոտ` ձախ ազդրի ստորին երրորդականի և սրունքի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Ըստ բժշկի` վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
20.29 Այսօր` ժամը 19.10-ի սահմաններում, Թումանյան-Խանջյան խաչմերուկում գտնվող տարադրամի փոխանակման կետը հարձակման է ենթարկվել: Հանցագործները կրակ են արձակել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը, տարածքն ամբողջությամբ շրջափակված է, ինչի հետևանքով առաջացել են խցանումներ:
Ականատեսների խոսքով` վիրավորված անձը տարադրամի փոխանակման կետի աշխատակից է: Տեղում աշխատող ոստիկանները հրաժարվում են մեկնաբանություններից:
Ըստ նախնական տվյալների` հանցագործները փախուստի են դիմել` իրենց հետ տանելով խոշոր չափի գումար: