Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը գլխավորած Գագիկ Գաբրիելյանը: Այլ պաշտոնում Էրեբունու արդեն նախկին ոստիկանապետի նշանակման մասին տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ Գրիգոր Գրիգորյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Էրեբունու ոստիկանապետի պաշտոնանկությունը առնչություն ունի նրա ենթակա, Էրեբունու փոխոստիկանապետ Միհրան Քեշիշյանի դեպքի հետ: Կաշառառության մեջ կասկածվող Քեշիշյանը վերջին օրերին փախուստի մեջ է, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:
«Տեղակալի հետ կապված դեպքը որ տեղի է ունեցել, միանշանակ պետք է արդյունքում լիներ նաև սա: Ամեն մի ղեկավար պատասխանատու է իր անձնակազմի համար», – ասել է Ներսես Նազարյանը:
Հիշեցնենք, որ Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Քեշիշյանը կասկածվում է 13 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, բայց ինչպես տեղեկացրել է Ներսես Նազարյանը, Էրեբունու փոխոստիկանապետի գտնվելու վայրը դեռ անհայտ է: