Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված ոստիկանները փորձել են խոչընդոտել հայկական բանակում ստեղծված իրավիճակի դեմ ամեն հինգշաբթի բողոքող քաղաքացիների ակցիան:
Երբ ակցիայի մասնակից Վարգդես Գասպարին պարզել է «Բանակում սպանում, ինքնասպանում են, սպանվածի ծնողներին ահաբեկում, լռեցնում են» գրությամբ պաստառը, երկու ոստիկան մոտեցել են և կանգնել են ուղիղ նրա դիմաց` փակելով պաստառի վրա գրվածը:
Դրանից հետո պաստառը վերցրել է 2010 թվականի հուլիսին բանակում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը: Ոստիկանները տեղաշարժվել են և կանգնել են Ծովինարի դիմաց:
‹‹Ինչպես տեսաք, երբ ես պաստառ էի պահել, այս երկու ոստիկանները եկան կանգնեցին իմ առջև, իսկ հիմա, որ Ծովինարն է պաստառը պահել գնացել են, նրա դիմաց են կանգնել, ուրեմն նշանակում է, որ ոստիկանությունը ոչ թե վերապահություն ունի ինչ-որ անձի նկատմամբ, այլ վերապահություն ունի, որպեսզի արդարության ձայնը լռեցնի: Այսօր ոստիկանությունը կանգնած է նույն մարդասպանների կողքին, որոնք սպանում են բանակում: Ոստիկանությունը չի թողնում` ձայնը բարձրացվի: Ինչո՞ւ են ծածկում պլակատը», – այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Վարդգես Գասպարին:
Քիչ անց Վարդգես Գասպարին և Ծովինար Նազարյանը փոխել են իրենց տեղը` շենքի կենտրոնական հատվածից շարժվելով դեպի ձախ, սակայն ոստիկաններն այս անգամ չեն գնացել նրանց հետևից: Քիչ անց Գասպարին, Նազարյանը և նրանց միացած ակտիվիստ Լալա Ասլիկյանը փորձել են նորից կանգնել իրենց հին տեղում, բայց բողոքավորների դիմաց այս անգամ արդեն կանգնեցին երեք ոստիականներ և մինչև ակցիայի վերջ մնացին նույն տեղում:
Քանի որ տվյալ վայրում ՀՀ կառավարության շենքից դուրս եկողն անմիջապես կտեսներ պաստառը, ոստիկաններն ամեն կերպ փորձում էին իրենց մարմնով փակել այն, որպեսզի կառավարության անդամները, դուրս գալով շենքից, չկարդան գրվածը, իսկ Գասպարին, իր հերթին, փորձում էր հնարավորինս վերև պահել պաստառը:
ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո մի քանի պաշտոնյաներ դուրս եկան կենտրոնական մուտքից, իսկ, օրինակ, նորանշանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով առաջին անգամ էր ներկա կառավարության նիստին, շենքը լքեց ոչ թե կենտրոնական մուտքից, այլ հետնամուտքից: