Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ իրականացվող` մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու ծրագիրն արդյունքի չի բերում: Սա փաստում էին մայրաքաղաքի բնակիչները, որոնց հետ Epress.am-ը զրուցել է վերջին երկու օրերի ընթացքում:
Չնայած տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում փոխվեցին Երևան մուտք գործող մարզային միկրոավտոբուսների ու տաքսիների կայանման վայրերը, ինչպես նաև կես ժամ հետաձգվեց ԲՈՒՀ-երում դասերի մեկնարկը (09:00 փոխարեն 09:30), Երևանի կենտրոնական փողոցներում` հատկապես առավոտյան, գոյանում են խցանումներ, իսկ հասարակական տրանսպորտը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Epress.am-ին տեղեկացրել է, որ քաղաքի տրանսպորտի վարչության տվյալներով, մայրաքաղաքում օրական միջին հաշվով երթուղի է դուրս գալիս 243 ավտոբուս, 1850 միկրոավտոբուս և 49 տրոլեյբուս:
Դա, փաստորեն, բավարար չէ, ուղևորների հոսքի տեղափոխումն ապահովելու համար: Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքացիները դժգոհում էին տրանսպորտի ծանրաբեռնվածությունից:
«Ամեն առավոտ ստիպված եմ լինում ուշանալ աշխատանքից, քանի որ 30 համարի երթուղային տաքսին այնքան ծանրաբեռնված է, որ անգամ կանգնելու տեղ չկա, չնայած ժամանումների միջակայքը չի խախտվում, այնուամենայնիվ, անհնար է առավոտվա ժամերին օգտվել այս երթուղայինից», – Epress.am-ի զրույցում ասել է Դավթաշենի բնակիչ Մարինա Ավետիսյանը:
Արգավանդից Երևան եկող մի խումբ ուսանողներ էլ դժգոհում էին երթուղայինների թե ժամանումներից, թե ծանրաբեռնվածությունից: Նրանց խոսքերով՝ մեծ համբերություն ու ամուր նյարդեր են պետք՝ Երևան հասնելու համար:
«Ամեն օր նույն իրավիճակն է, երթուղայինը ժամանում է 30 րոպեն մեկ, իսկ ծանրաբեռնվածության մասին խոսք լինել չի կարող: Եթե հաջողվում է անգամ երթուղայինում կանգնած քաղաք հասնել, միևնույն է, դասերին ուշացումով ենք հասնում»,- պատմում էին ուսանողները:
Մեր զրուցակիցներից մի քանիսն էլ դժգոհում էին հասարակական տրանսպորտի հետ կապված գրեթե ամեն ինչից:
«Հաճախ ուշացման պատճառով մի կերպ խցկվում եմ ու դռանը հենված` շտապում աշխատանքի՝ հաշվի չառնելով, որ կարող եմ դռնից դուրս ընկնել: Տրանսպորտի գերծանրաբեռնվածությունն այնպիսի մեծ խնդիր է դարձել, որ սկսել ենք ուշադրություն չդարձնել անմխիթար վիճակին: Երթուղայիններում անհարմարությունները շատ-շատ են. կիսափակ պատուհաններից փչող միջանցիկ քամին, կոտրված նստատեղերը, հազիվհազ փակվող դռները, հակահիգիենիկ վիճակը»,- նշել է 57-ամյա Ռազմիկ Պետրոսյանը:
Ուշագրավ է, որ դժգոհություններ կարելի է լսել ոչ միայն հասարակական տրանսպորտից օգտվողներից, այլ նաև երթուղայինի դիսպետչերներից: Նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ վարորդները քիչ են և մեծամասամբ հրաժարվում են այս աշխատանքից:
«Այսօր շատ դժվար է երթուղայինի վարորդ աշխատելը՝ հաշվի առնելով առաջարկվող մի շարք պայմաններ: Մեքենաների մեծ մասը գտնվում է չափազանց վատթար վիճակում, ու անընդհատ վերանորոգման կարիք է լինում: Վերանորոգում էլ իրականացվում է թե վարորդի, թե գիծը սպասարկող ընկերության կողմից, քանի որ վարորդները հաճախ պարզապես ի վիճակի չեն լինում իրենց միջոցներով նորոգել: Չնայած որոշում կա, որ խստիվ արգելված է նստատեղերի թվից ավել ուղևոր վերցնելը, այնուամենայնիվ, վարորդները խախտում են այս կանոնը և ավել թվով ուղևորներ են տեղափոխում», – ասել է նա:
Դիսպետչերի խոսքով` իրենց գծում վարորդը գծի սեփականատիրոջը օրական պետք է վճարի 9000 դրամ: Եթե վարորդը նստատեղերի քանակով տեղափոխի ուղևորներին, ապա գրեթե բացառված է, որ ինքը կկարողանա փակել այդ գումարը, և, բացի դրանից, շահույթ ունենալ:
Շատ հաճախ վարորդները հրաժարվում են աշխատանքից, որովհետև «տակը բան չի մնում»: Այդ իսկ պատճառով երթուղայինների վրա հաճախ կարելի է տեսնել «Աշխատանքի ենք հրավիրում վարորդների» գրությունը: