Վաղը մեկնարկում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի այցը Հարավային Կովկասի երկրներ: Կովկասյան շրջագայության առաջին կետը Բաքուն է, այնուհետև Թբիլիսին, իսկ նոյեմբերի 17-ին նա կավարտի ճանապարհորդությունը երևանյան այցելությամբ: Քեթրին Էշտոնի և երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում կքննարկվի հիմնականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դերի բարձրացումը: Միաժամանակ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ-ն նույնպես պատրաստվում է Ռուսաստանի ձեռքից խլել հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դերը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
– Այն, որ Եվրոպան դժգոհ է ղարաբաղյան գործընթացի լճացումից, ապացուցում է օրերս Երևան այցելած Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինի հայտարարությունը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վիգենինը հայտարարել էր. «Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է առավել ներգրավված լինի Ղարաբաղյան գործընթացում: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տարիներ շարունակ որևէ արդյունք չի տալիս, և այդ կապակցությամբ ինչ-որ բան պետք է փոխվի»: Նրա խոսքով` անհրաժեշտ է նոր խաղացողներ ընդգրկել գործընթացում: Եվրախորհրդարանում քննարկումներ են եղել, և մասնավորապես, առաջարկվել է փոխարինել ֆրանսիացի համանախագահին ԵՄ-ի ներկայացուցչով, չի բացառվում, որ այդ ներկայացուցիչը լինի հենց Քեթրին Էշտոնը:
Եվրոպական պատգամավորի հայտարարության առնչությամբ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Անդրկովկասի երկրները դուրս բերել պաշտոնական Մոսկվայի ազդեցության ուղեծրից: Այս նպատակով Վաշինգտոնը գործարկում է «Մեծ Կովկաս» ծրագիրը, որը մշակվել էր դեռևս Ջորջ Բուշ կրտսերի օրոք, որի նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելն ու ամերիկյան շահերն առաջ մղելն է: Հաշվի առնելով այն, որ Վրաստանը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանի իշխող վերնախավը ավելի շատ հակված է դեպի Արևմուտք, քան Մոսկվա, ԱՄՆ-ի համար տարածաշրջանում մեկ խնդիր է մնում`Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: «Նրան Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելը ոչ դյուրին, բայց հասանելի նպատակ է»,- կարծում է Աղաևը:
Ի տարբերություն նրա, Բեռլինում ապրող քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը վստահ է, որ Ղարաբաղյան գործընթացից, մասնավորապես, նաև ողջ Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելը անլուծելի խնդիր է: «Մոսկվան հետ չի կանգնի ղարաբաղյան հիմնախնդրից և միջնորդ դերի բեռը ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ ԵՄ-ի ուսերին չի բարդի: Ղարաբաղյան հակամարտության հարցում իր անկարողությունը ցույց տալով` Մոսկվան առիթ կընձեռի Արևմուտքին արհամարհել իր կարծիքը առավել բարդ քաղաքակրթական հակամարտություններում, ինչպիսին են հյուսիսկորեական, իրանական և աֆղանական խնդիրները:»,- ասել է Մանուչարյանը:
Զարգացնելով բանակցային գործընթացում փոփոխություներ մտցնելու անհրաժեշտության գաղափարը` Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը ավստրիական Der Standard-ի հետ զրույցում նշել էր, որ հիմնախդրի լուծման գրավական կարող էր դառնալ «երկու համայնքների համատեղ բնակությունը»: Միաժամանակ, նա նշել էր, որ «փոխզիջումային որոշումը, որին կարող է գնալ Ադրբեջանը, չի ենթադրում Հայաստանին որևէ տարածք տրամադրելը»:
Ադրբեջանի դիվանագետի հայտարարությունը Ստեփանակերտի ուշադրությանն էր արժանացել: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ազիմովի հայտարարությունը, ասել է, որ հայտարարության որոշ դրվագներ լավատեսություն են ներշնչում:
«Մասնավորապես, մենք համաձայն ենք այն հայտարարության հետ, որ հակամարտության կարգավորումը չի ենթադրում Հայաստանին տարածքներ տրամադրելը: Ղարաբաղյան հիմնախնդիրը դա հայ-ադրբեջանական տարածքային հակամարտություն չէ, և անգամ Երևանի և Բաքվի միջև առկա խնդիր չէ, այն Ստեփանակերտի և Բաքվի հակամարտությունն է, որի լուծման համար անմիջական երկխոսություն է անհրաժեշտ»,- ասել է Բաբայանը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի փախստականների հնարավոր վերադարձին, ապա, նրա խոսքով, երկրի ղեկավարությունը երբեք դեմ չի եղել այդ նախաձեռնությանը: «Մենք պատրաստ ենք ընդունել ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացիների, սակայն մեկ պայմանով, եթե նրանք ցանկանան դառնալ ԼՂՀ-ի քաղաքացի և ինտեգրվել ղարաբաղյան հասարակությանը»: