Թեև Սիլվիո Բերլուսկոնին հրաժարական է տվել և թողել Իտալիայի վարչապետի պաշտոնը, այդուհանդերձ, շարունակում է եվրոպական տնտեսության իրավիճակի բարելավման վերաբերյալ խորհուրդներ տալ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա հայտարարել է, որ Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է պաշտպանի եվրոն: «Եվրոն չունի այն հիմքը, որն անհրաժեշտ է ցանկացած տարադրամի: Ես նկատի ունեմ այն բանկը, որը որպես վերջին ատյանի վարկատու և տարադրամի երաշխավոր կծառայեր: Եթե մենք ցանկանում ենք պահպանել եվրոն, ապա նման պարտավորություններ պետք է ստանձնի Եվրոպայի կենտրոնական բանկը»,- ասված է Իտալիայի կառավարության արդեն նախկին ղեկավար Սիլվիո Բերլուսկոնիի տեսաուղերձի մեջ:
Ավելի վաղ Բերլուսկոնին նշել էր, որ չնայած իր հրաժարականին, ինքը շարունակում է ազդեցություն գործել իտալական քաղաքականության վրա: «Ես չեմ հանձնվի, մինչև չհասնեմ երկրի նորացմանը»,- հայտարարել էր նախկին վարչապետը:
Տեսաուղերձը հեռարձակվել էր Մարիո Մոնտիի` նոր կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատվելուց ընդամենը մեկ րոպե առաջ:
Հիշեցնենք, որ Բերլուսկոնին հրաժարական տվեց նոյեմբերի 13-ին, նույն օրը Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հաստատեց Մոնտիի թեկնածությունը:
Նշենք, որ Մարիո Մոնտին մասնագիտությամբ տնտեսագետ է: Քաղաքական գործիչն անկուսակցական է, իսկ 2011 թվականի նոյեմբերի 9-ից ցմահ սենատոր էր նշանակվել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից: