«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անկեղծորեն զարմացած է, որ, երեկ Իջևանում տեղի ունեցած ըտրությունները նկարագրելով, մամուլը ուռճացված պատմություններ է ներկայացնում ինչ-որ միջադեպերի մասին: Նրա խոսքով` այդ պատմությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Տեղի է ունեցել ընդամենը Իջևանի քաղաքապետի ընտրություն: Եվ իջևանցին իր վստահության քվեն 1685 ձայն առավելությամբ, 5044 վստահության քվե տվել է մեր կուսակցին: Ես հերթական անգամ համոզվում եմ, որ ոչ միայն հայ առասպելաբանության, այլև հայ քաղաքականության համար ամենաընդունված հեքիաթը Կիկոսի մահն է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերին, ապա պատգամավորը նշել է, որ ցանկացած ընտրություն, ընտրապայքար իր մեջ որոշակի լարվածություն է ենթադրում:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` միջադեպերի առնչությամբ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որ երկու հոգի ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով հրավիրվել են ոստիկանության բաժին, իսկ երբ պարզվել է, որ այդ մեղադրանքը չի հաստատվել, նրանց բաց են թողել: Զոհրաբյանի պնդմամբ` ինքը նույնիսկ չգիտի, թե որ կողմից են եղել ոստիկանություն հրավիրված անձինք:
Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը հաղթել է ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանին: