ԵԱՀԿ Մինսկի խումբն իր առաքելությունն է կատարում, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չէ, քանի որ դրան ընդունակ են միայն Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փորձագետի խոսքով` ՄԽ-ի խնդիրը բանակցությունների ձևաչափը պահպանելն է. «Նախագահներն ու ԱԳ նախարարությունների ղեկավարները պետք է շարունակեն հանդիպել և բանակցություններ վարել: Եվ վատ է, որ Ղարաբաղի ներկայացուցիչը բացակայում է բանակցային սեղանից, թեև Երևանը Ստեփանակերտին իրազեկ է պահում: Իհարկե, ձևաչափ կա, որն առավել ձեռնտու է Ադրբեջանին, և կա այնպիսի տարբերակ, որը Հայաստանին հարմար կլինի, բայց ներկայիս վիճակը փոփոխելը ռիսկային է և անարդյունավետ: Մինսկի Խմբի երկրորդ նպատակն այն է, որ բանակցությունների սեղանին ներկա լինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև միջազգային միջնորդները: Եվ նրանք հաջողությամբ էին իրականացնում այդ առաքելությունը, անգամ երբ բանակցությունները ձախողման եզրին էին»,-պարզաբանել է Իսկանդարյանը:
Փորձագետի խոսքով` ղարաբաղյան հարցում լուրջ փոփոխությունների մասին այս պահին խոսել չի կարելի` հաշվի առնելով Եվրոպայի ճգնաժամը, Մերձավոր Արևելքի իրադարձությունները, ինչպես նաև միջնորդ երկրներում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, և հակամարտող կողմերից մեկում`Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին նախապատրաստությունը: Ադրբեջանի դեպքում, ինչպես նշել է վարլուծաբանը, ընտրությունները կորցրել են իրենց արդիականությունը:
«Ստատուս քվոն կպահպանվի: Դա հասկանում են և´ Երևանում, և´ Բաքվում և´ միջնորդ պետություններում», – եզրափակել է Իսկանդարյանը: