Ադրբեջանը չի մասնակցելու Հայաստանում անցկացվող մանկական «Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է հաղորդավար Գոհար Գասպարյանը:
Ինչ վերաբերում է գալիք տարի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցությանը, ապա, Գասպարյանի խոսքով, դա պարզ կլինի դեկտեմբերի սկզբին:
Ավելի վաղ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել էր, որ Եվրոպական հեռարձակողների միությունը դեռ փորձում է Ադրբեջանից ստանալ այն բոլոր երաշխիքները, որ անհրաժեշտ կլինեն Հայաստանի պատվիրակության համար:
«Մեր պատվիրակությունը պնդել է, որ մեզ տրվեն հենց Եվրոպական հեռարձակողների երաշխիքներ: Մենք հիմա այդ երաշխիքների ապահովման փուլում ենք, մինչև դեկտեմբեր Ժնևում կայանալիք ժողովը, հնարավոր է, ստանանք այդ երաշխիքները: Սակայն Բաքվում կան մի շարք այլ խնդիրներ, ոչ Հայաստանի մասնակցության հետ կապված»,- նշել էր Հարությունյանն ու հույս հայտնել, որ Ադրբեջանն ի վիճակի կլինի անցկացնել «Եվրատեսիլը» և որոշում չի ընդունվի, որ այն տեղափոխվի այլ տեղ: