Հայկական բանակում տեղի ունեցող արտակարգ դեպքերի նկատմամբ առաջին հերթին անհանդուրժող է հենց բանակի ղեկավարությունը, որն ավելի լավ է տիրապետում իրավիճակին: Այս մասին երեկ «1-ին հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք առաջինն ենք ուզում բացահայտել, քանի որ ցանկացած հացագործության բացահայտում ամրապնդում է կարգապահությունը բանակում, և մթնոլորտ է ստեղծում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Մենք այսօրվա տեղեկատվական դաշտում չենք կարող ոչինչ թաքցնել մեր հասարակությունից: Այդ գործընթացին մասնակցում են բոլոր տուժած զինծառայողների ծնողները: Ցավոք սրտի, գաղտնիության ռեժիմից ելնելով՝ մենք նրանց մասնակից չենք դարձնում այն բոլոր խորհրդակցություններին, ժողովներին, կոլեգիաներին, որ անց ենք կացնում: Եթե նրանք գոնե մեկ անգամ ներկա լինեին, ապա կտեսնեին՝ որքան խստապահանջ ենք այդ քննարկումների ընթացքում: Այնպես որ մենք բաց ենք հասարակության առջև, անպատժելիության մթնոլորտ չկա: Յուրաքանչյուր դեպքի շուրջը հարուցվում է քրեական գործ. ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվում, մենք հայտարարում ենք, ովքեր՝ ոչ, ծառայողական քննությամբ նրանք կարգապահական տույժեր են ստանում: Գտնում եմ, որ ամենօրյա մեր աշխատանքը, ամեն մի մանրուք մենք չպետք է հայտնենք ի լուր աշխարհի», – հայտարարել է Օհանյանը:
Անդրադառնալով անցնող աշնանային զորակոչի խնդիրներին` նախարարը նշել է, որ տվյալ զորակոչի ընթացքում ՊՆ-ն առավել մեծ ուշադրություն ենք դարձնում բժշկական խնդիրներին:
«Զորակոչից զորակոչ ունենք բավականին առաջընթաց, բայց լինում են նաև բացթողումներ, կաշառակերության դեպքեր ենք արձանագրում, պահանջկոտության հետ մեկտեղ կոռուպցիոն ռիսկերն են ավելանում: Այս խնդիրների շուրջ նույնպես և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ ոստիկանությունը, և՛ անվտանգության ծառայությունը, և՛ դատախազությունը լուրջ միջոցառումներ են ձեռնարկում», – նշել է Օհանյանը: