Գյուղատնտեսության նախարարության կարևորագույն խնդիրներից է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշերի աճ ապահովելը, ինչն էլ արձանագրվել է այս տարվա ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարարել է Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը:
Նրա խոսքերով՝ վերջին ինը ամիսների ընթացքում գյուղատնեսությունը համախառն արտադրանքի արդյունքում ունեցել է 15,3% գերաճ, իսկ անասնաբուծության ոլորտում արձանագրվել է 1,5% աճ:
Խոսելով կոնկրետ անասնաբուծության բնագավառի մասին, նա ընդգծել է, որ տարեսկզբին նախադրյալներ են ստեղծվել և հիմք հանդիսացել այսօր ունենալ անասնագլխաքանակի և անասնաբուծական մթերքների արտադրության աճ:
«Նոյեմբերի 1-ի տվյալներով 3000-ով ավելացել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը և կազմել՝ 574500, ոչխարների ու այծերի գլխաքանակն ավելացել է 35000-ով` կազմելով 568500, խոզերինը՝ 5000-ով` կազմելով շուրջ 120000 գլխաքանակ: Կապված անասնագլխաքանակի աճի հետ, նաև անասնապահական մթերքների աճ ենք ապահովել: Արտադրվել է 3000 տոննա ավել մսամթերք և ընդհանուր աճը կազմել է 107000 տոննա, արտադրվել է 7000 տոննա ավել կաթ, և ընդհանուր աճը կազմել է 570000 տոննա: Ձվի արտադրության հարցում սկզբնական շրջանում անկում ենք արձանագրել, սակայն շատ արագ դադարեցվել է անկումն ու տարեվերջին կունենանք նույն ցուցանիշը, ինչ ունեցել ենք նախորդ տարվա վերջին: 2007 թվականին, ունենալով տավարաբուծության մասին ծրագիր, արտասահմանյան ընկերություններից ձեռք ենք բերում տոհմային երինջներ` դրանով իսկ ապահովելով թե մսատվության, թե կաթնատվության շեշտակի աճ: Մշակվում է նաև ոչխարաբուծության հայեցակարգ, ըստ որի ոչխարների գլխաքանակը պետք է հասցնել շուրջ մեկուկես միլիոնի: Կօգտագործվեն նաև մինչ այժմ չշահագործված արոտավայրերը, այս բարելավման ծրագիրն իրականացնում ենք Համաշխարհային բանկի հետ համատեղ միջոցներով: Արոտավայրերի բարելավման աշխատանքներ կիրականացվեն վեց մարզերի հիսունհինգ համայնքներում: Հեռագնա արոտավայրերին կից համայնքներում ստեղծվելու են կաթի վերամշակման արտադրամասեր, մեր գյուղացիները միաժամանակ կօգտագործեն արոտավայրերն ու կմթերեն մսամթերքը: Արդյունքում կունենանք կաթի 15% ավելացում: Այս աշխատանքներն ընթաքցքի մեջ են, սրանք երկարատև ծրագրեր են, որոնք կիրականացվեն հետագա տարիների ընթացքում», – եզրափակել է Բաղյանը: