Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը հոգեհարազատ է Երևանի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին: Այս մասին նա ասել է այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած ընտրություններից հետո, որտեղ ստացել է ավագանու 52 անդամներից 49-ի ձայները: Ավագանու մնացած երեք անդամները քվեարկությանը ներկա չեն եղել:
«Այդ համակարգը ինձ համար հոգեհարազատ համակարգ է, և ես, այս համակարգում յոթ տարի շարունակ աշխատելով, ոգևորությամբ և սրտացավությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին: Ես աշխատել եմ երեք քաղաքապետերի հետ և այդ աշխատանքը մեր քաղաքական թիմի ծրագիրն է եղել, և բոլոր քաղաքապետերն էլ այդ ծրագրերը իրականացրել են», – ասել է Տարոն Մարգարյանը:
Խոսելով իր կուսակցական աշխատանքի մասին` Մարգարյանն ասել է, որ ինքն այն հաճույքով է կատարում և միշտ պատրաստ է կուսակցական աշխատանքը կատարել աշխատանքային ժամերից հետո:
Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված ՀՀԿ-ի կողմից հատկապես իր ընտրությունը, Մարգարյանն ասել է, որ այն պայմանավորված է ՀՀԿ-ի խորհրդում առաջադրած իր թեկնածությամբ:
Լրագրողները նաև հարց են ուղղել Մարգարյանին` կապված Երևանում կրպակների ապամոնտաժման հետ, որն իրականացվում էր նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք:
«Կրպակների ապամոնտաժման հետ կապված մենք բազմիցս նշել ենք, որ ապամոնտաժվելու են լքյալ կրպակները և ապօրինի գործող կրպակները, որն ունի հստակ քանակ: Գործընթացն ավարտական փուլում է: Իսկ ինչ մնում է գործող կրպակներին, մենք դրանց չենք անդրադառնալու, անդրադառնալու ենք Աբովյան փողոցի այն կառույցներին, որոնք նաև ունեն փաստաթղթային տեսք և, բանակցելով սեփականատերերի հետ, փորձելու ենք Աբովյան փողոցի մայթերը հանձնել մեր բնակիչներին», – ասել է նորընտիր քաղաքապետը:
Նշենք նաև, որ այս պահին դեռևս չի քննարկվել, թե ով կփոխարինի Տարոն Մարգարյանին` քաղաքապետի տեղակալի պաշտոնում: Տեղեկացնենք նաև, որ նոյեմբերի 18-ին, ժամը 11-ին հերթական նիստի ժամանակ կկայանա քաղաքապետի երդման արարողությունը: