Քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, որոնցով սպանության դիմաց պատժաչափ մտցվեց`12-20 տարվա ազատազրկում, ենթադրում էին, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դատավճիռները պետք է վերանայվեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի փոխանցմամբ`«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 100 անձանց, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման, ասվել էր, որ սա հիմք է նրանց դատավճիռները վերանայելու:
Նախկինում կար միայն 15 տարի և ցմահ ազատազրկում, հիմա օրենքն այլ պատիժների հնարավորություն էլ է տալիս, և ցմահ դատապարտվածները ենթադրում էին, որ նրանց պատժաչափը կարող է փոխարինվել 20 տարի ազատազրկմամբ:
Օրաթերթը նշում է, որ այս լուրը ստանալով դատապարտյալները տարբեր տեղերից գումարներ են գտել, շատերը վաճառել են իրենց ունեցածը, փաստաբաններ են վարձել և դիմել դատարան:
Սակայն դատավորները հրաժարվում են վերանայել և նոր դատավճիռներ արձակել`հայտարարելով, որ օրենքը նրանց վրա չի տարածվում: Նրանք դա բացատրում են նրանով, որ տեղի է ունեցել օրենքի խստացում, իսկ խստացնող նորմը հետադարձ ուժ չունի:
Այս պատասխանը վրդովվեցրել է դատապարտյալներին, և նրանք մոտ 70 ստորագրությամբ երեկ նամակ են հղել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին և արդարադատության նախարարին` պահանջելով, որ վերջիններս այցելեն բանտ և բացատրություն տան իրենց: