Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լսվել է Հայաստանում կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Ըստ թերթի տարածած հաղորդագրության` նախնական դատական նիստը, սակայն, կարճ է տևել: Պատճառն այն է, որ հայցվոր կողմը, ի դեմս Բենիկ Հարությունյանի, չի ստացել հայցադիմումի պատասխանը, քանի որ նա հայցում նշված հասցեում (Հրազդան քաղաք) չի բնակվում: Հայցադիմումը հետ է եկել` գրությամբ, որ Հարությունյանը բնակվում է Երևանում: Այս պատճառով դատավոր Ափինյանը որոշել է հետաձգել «Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված հայցով դատական նիստը` տեղափոխելով այն նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ին:
«Ժողովուրդ»-ը իր սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի և նրա գործընկեր Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանն իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում: Թեև հրապարակման մեջ ներկայացված է եղել նաև Բենիկ Հարությունյանի և իր փաստաբանի վարկածը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ խորհրդականը որոշել է դատական կարգով պարզաբանել հարցը` օրաթերթից պահանջելով 2,2 միլիոն դրամ: