Home / Հայաստան / Օրենքը սահմանադրական ճանաչեցին. օմբուդսմենը դա բացասական չի գնահատում

Օրենքը սահմանադրական ճանաչեցին. օմբուդսմենը դա բացասական չի գնահատում

Սահմանադրական դատարանը այսօր քննել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով՝ վճռելով, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք, որ 2010-ին ընդունված օրենքի համաձայն ապաքրեականացվել է զրպարտությունն ու վիրավորանքը հասկացությունները, և այդ արարքների համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն է սահմանվել: Օրենքի ընդունումից հետո հայաստանյան ԶԼՄ-ների դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել, և դատարանի որոշումներով թերթերից մեծ գումարներ են գանձվել:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօր օմբուդսմենն անձամբ է ներկայացրել դիմումը իր ղեկավարած գրասենյակի երկու իրավաբանների օգնությամբ, իսկ պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովը ներկայացրել է խորհրդարանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը:

Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ վիճարկվող հոդվածի մի շարք հասկացություններ խիստ անորոշ են, այդ թվում` վիրավորանք, զրպարտություն, ստույգ փաստ, ողջամտության սահմաններ և այլն: Սակայն ամենակարևորը, ըստ օմբուդսմենի, որ անորոշ է, փոխհատուցման առավելագույն չափն է:

ԱԺ-ն ներկայացնող պատասխանող կողմը առարկել է օմուդսմենի բոլոր նկատառումներին` նրա դիմումը որակելով անհիմն: Անի Մխիթարյանը հայտարարել է, թե օրենսդիրը մտադրություն չի ունեցել որևէ կերպ սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, թեև Սահմանադրական դատարանը հրապարակած որոշմամբ արձանագրել է, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն, միևնույն ժամանակ, դատարանը մի շարք իրավական մոտեցումներ է ներկայացրել, որոնք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, երաշխավորելու են հոդվածը կիրառել բովանդակությանը համապատասխան: Մասնավորապես, դատարանը գտնում է, որ փոխհատուցման չափը սահմանելիս, պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը:
«Հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը, թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար: Ընդհուպ չի կարելի հասցնել սնանկության: Խնդիրը վերաբերում է ոչ միայն սնանկությանը, այլ նրան, որ կարող է խաթարվել տվյալ լրատվամիջոցի գործունեությունը ընդհանրապես: Սա իմպերատիվ պահանջ է, պարզապես այդ իմպերատիվ պահանջը պետք է հաշվի առնել», – որոշումը մեկնաբանելիս ասել է Գագիկ Հարությունյանը:

Ըստ Սահմանադրական դատարանի` փաստերին ընդամենը քննադատական գնահատական տալը չի կարող փոխհատուցման պահանջ հանդիսանալ: Հստակեցում է տրվել նաև օմբուդսմենի վիճարկած մեկ այլ հասկացության ևս. դատարանը սահմանել է, որ գնահատողական դատողությունների համար ևս չի կարող փոխհատուցման նյութական պահանջ ներկայացվել. «Դա ոչ անհրաժեշտ անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը: Այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները` հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին», – պարզաբանել է ՍԴ-ի նախագահը:

 

Դատարանը եզրակացրեց նաեւ, որ պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն պետք է կիրառվի ոչ նյութական փոխհատուցումը, այսինքն հերքումը, ներողությունը և այլ միջոցները կարող են միանգամայն բավարար լինել:

Կարեն Անդերասյանը որոշման հրապարակումից հետո ասաց, որ թեեւ վիճարկվող հոդվածը ճանաչվեց սահմանադրական, միևնույն է, ինքը չի կարող ՍԴ-ի որոշումը  բացասական գնահատել: