Թեև այսօր Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում կանոնավոր պատարագ է մատուցվում, պսակադրություններ են կատարվում, մկրտվում են մանուկներ, հուղարկավորում են հանգուցյալներ, սակայն մեկուկես հազարամյակ կանգուն մնացած կոթողին սպառնում է փլուզումը: Այս մասին ասված է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարգործական հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ լրջորեն վնասված են եկեղեցու ձեղունը, որմերը և հիմքը:
Հոկտեմբերի 18-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրել է սրբավայրի վերականգնման վերաբերյալ հուշագիր: Այժմ հիմնադրամը սպասում է շինարարական-վերականգնողական ընկերության ընտրության մրցույթի արդյունքներին:
Հիմնադրամը հանձն է առել ֆինանսավորել վերականգնողական աշխատանքները, որոնք կտևեն շուրջ 3 տարի և ներկայացրել է վանքի պատմության մասին պատմող տեսանյութ: