Այսօր Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական արտագնա նիստը: Սա այս գործով Երևանում անցկացվող առաջին նիստն էր, մինչ այդ դատական նիստերն անցկացվել են Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Համաձայն պաշտոնական վարկածի Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել: Գործով անցնող մեղադրյալները Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներն են` նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ-լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Նազարյանի դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:
Այսօրվա դատական նիստը սկսվել է գործով անցնող մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությամբ, որում նշվել է, որ մեղադրական եզրակացությունը չի բխում գործում առկա ապացույցներից, քրեական գործը քննվել է մեկ վարկածի շուրջ, և իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ենթադրությունների հիմքով, որը նա չի կատարել:
Պաշտպանը նաև հավելել է, որ իր պաշտպանյալը և գործով անցնող մյուս մեղադրյալները դարձել են քավության նոխազ:
Վերոնշյալ միջնորդության հետ համամիտ են եղել բոլոր մեղադրյալները և նրանց պաշտպանները:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը նույնպես համարել է, որ մեղադրվող երիտասարդները քավության նոխազ են և հավելել է, որ կեղծ քննություն է իրականացվել և պետք է նոր քրեական գործ հարուցվի Նազարյանի սպանության գործով:
Դատարանում իր կարծիքն է հայտնել նաև Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննսիյանը, ով, որպես տուժողի իրավահաջորդ, նշել է, որ քննությունը կատարվել է միակողմանի, բազմաթիվ իրեղեն ապացույցներ մերժվել են, և գործը պետք է հետ վերադարձնել:
«Գործը պետք է լինի Արտակ Նազարյանի սպանության, այլ ոչ թե «ինքնասպանության դրդում» հոդվածով, այստեղ որևէ ինքնասպանություն չկա», – ասել է Հասմիկ Հովհաննսիյանը:
Միջնորդության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել գործում ներգրավված զիվորական դատախազ Հարություն Հարությունյանը, ով համարել է, որ Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը անհիմն է, իսկ գործը հետ վերադարձնելու իմաստ չի տեսնում:
Նշենք, որ այս դատախազը բանակում զոհված մեկ այլ զինծառայողի` Տիգրան Օհանջանյանի գործով քննությանը նույնպես մասնակցել է:
Դատարանի դահլիճում ներկա էր նաև Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, ով բղավում էր, որ Հարությունյանը հանցագործ է և իր որդու գործը նրա կոկորդում է:
Նշենք, որ դատարանը մերժել է վերոնշյալ միջնորդությունը: