Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած հայցի քննությունը:
Նշենք, որ խնդրո առարկան է հոկտեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հոդվածը, որտեղ նշվել է, որ Գեղարքունիքի մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել:
Հոդվածի հեղինակ Սոնա Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում հիշեցրել է հոդվածի ստեղծման նախապատմությունը:
Հոկտեմբերի 6-ին նա այցելել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի դպրոց` դպրոցի պատմության ուսուցչի տեղի համար հայտարարված քննության ընթացքը լուսաբանելու համար: Պատմության ուսուցչի թեկնածուները երկուսն են եղել՝ Աննա Թորոսյանը և Արթուր Մխիթարյանը, սակայն լրագրողին տեղեկացրել են, որ քննությունը տեղափոխել են հաջորդ օրը: Սոնա Գրիգորյանի խոսքով՝ ինքը մի քանի հարց է ուղղել Աննա Թորոսյանին՝ հետաքրքրվելով, թե վերջինս ինչ սպասելքի ունի քննությունից:
«Աննա Թորոսյանն ասել է, որ ինքը ոչ մի սպասելիք չունի, քանի որ մյուս թեկնածուն` Արթուր Մխիթարյանը, 3000 դոլար կաշառք է տվել մարզպետին, որպեսզի ինքը ընտրվի պատմության ուսուցիչ: Նա ասել է, որ Մխիթարյանն այդ կաշառքը մարզպետին փոխանցել է նրա վարորդի միջոցով: Մենք այդ նյութը տպագրում ենք հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, և նույն օրը երեկոյան տեղեկանում ենք, որ դատախազությունը գրություն է ուղարկում ոստիկանություն և Աննա Թորոսյանին կանչում են հարցաքննության: Ես այդ ընթացքում զանագահարում եմ Աննային, որպեսզի տեղեկանամ, թե ինչպես է, բայց նա ոստիկանություն մտնելուց հետո անջատում է հեռախոսը: Եվ միայն առավոտյան եմ կարողանում նրա հետ խոսել. նա ինձ ասում է, որ ուզում է ինքնասպան լինել, ուզում է մարզպետից ներողություն խնդրել: Մենք նաև տեղեկանում ենք, որ հենց այդ օրը մարզպետը մեր թերթին դատի է տվել», – պատմել է Սոնա Գրիգորյանը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում Աննա Թորոսյանը հայտարարել է, որ ինքը չի հիշում, որ նման բաներ է ասել, նշել է, որ այդ օրը ինքը եղել է հոգեկան ծանր վիճակում, կաշառքի մասին լսել է գյուղի ասեկոսեներից: Գրիգորյանի խոսքով՝ Թորոսյանը դատարանում պատմել է, որ իրենց թերթին հարցազրույց է տվել, բայց նշել է, որ չի հիշում, որ կաշառքի մասին որևէ բան է ասել:
Լրագրողը նշել է, որ ուսուցչի թեկնածուին ճնշել են, և վերջինս հակասական ցուցմունքեր է տվել դատարանում:
Սոնա Գրիգորյանը նաև ասել է, որ մարզպետի փաստաբանները երեքն են, որոնք դատական նիստի ընթացքում միայն մեկ բան էին նշում՝ թերթը իրավունք չուներ գրել, թե մարզպետը կաշառք է վերցրել:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին: