ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու որդին`Պետդումայում միևնույն կուսակցության խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդևը, դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ռուսաստանի նոր ազգային քաղաքականությունը» խորագրով ծրագիր է մշակել և հրատարակել այն 5 հազար օրինակ տպաքանակով: Սակայն Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս բրոշյուրի մեջ ծայրահեղականության և այլատյացության հետքեր է գտել, և այժմ այն ուղարկվելու է փորձաքննության:
Նշենք, որ ԿԸՀ-ն կոչ է արել «Հանուն ռուսների» կարգախոսով ընտրություններին մասնակցող Լիբերալ Դեմոկրատներին զերծ մնալ ազգայնականությունից և այլատյացությունից:
Իր աշխատությունում Լեբեդևը ընդգծում է երկրում «համապատասխան էթնոսով ազգային պետություն դառնալու հավակնություններ ունեցող և դրանով իսկ Ռուսաստանի տարածքային ամբողջականության հիմքերը խարխլող հանրապետությունների գոյությունը», ինչպես նաև ՌԴ տարբեր շրջաններում Ռուսների հանդեպ իրականացվող խտրականությունը` նշելով, որ ռուսներին հեռացնում են օրենսդիր և գործադիր մարմիններից, գիտության և մշակույթի ոլորտներից: