Երեք ամսից ավելի անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչում և չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը։
Ճանապարհային ոստիկանության համար նախատեսված բենզինի մեծ մասը յուրացնելու մեղադրանքով Օհանյանի ձերբակալությունից և կալանավորումից հետո մամուլը գրեց, թե Օհանյանը տվյալ գործով ցուցմունքներ է տվել նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ։ Սակայն Ճանապարհային ոստիկանության նախկին պետի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը։
«Ինքը ցուցմունքներ ոչ մեկի դեմ չի տվել` ո՛չ Ալիկ Սարգսյանի, ո՛չ էլ մյուս որևէ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ոստիկանության։ Ի՛ր հետ կապված ցուցմունքներ է տվել, ոչ թե ինչ-որ մեկի դեմ», – ընդգծեց փաստաբանը։
«Եվ ի՞նչ է ասում, ինչպե՞ս է ինքը իրեն արդարացնում», – այս հարցին Վասակյանը պատասխանեց. «Դա ես հետագայում կներկայացնեմ, ես հիմա չեմ ուզում ասել ինչ-որ տվյալներ։ Բայց, ամեն դեպքում, ինքն իրեն մեղավոր չի ճանաչել և իր անմեղության հետ կապված` ցուցմունքներ տվել է»։
Փաստաբանը հաստատել է նաև, որ Օհանյանին առաջադրված մեղադրանքը կառուցված է հիմնականում նրա ենթակաների ցուցմունքների վրա։
Մարգար Օհանյանը պահվում է «Երևան» քրեակատարողական հիմնարկում։