Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ են սկսվել:
Epress.am-ի տեղեկություններով, հարկային տեսուչները ընկերության հացի և խմորեղենի արտադրամասեր են այցելել դեռևս երեկ երեկոյան, իսկ արդեն այսօր լուսաբացից «հիմնավորվել են» այնտեղ և մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ են անցկացնում, ինչպես նաև ստուգում են լույսի և ջրի սպառման հետ կապված տվյալները:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել: Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Լիճվազք-Թեյի հանքից 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել, որից հետո նոյեմբերի 14-ին, Համբարձումյանի պնդմամբ, մարզպետը հարձակվել է իր վրա «Մարիոթ» հյուրանոցի մոտ և իրեն հարվածներ հասցրել:
Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով):