2012թ. պետական բյուջեին «Դաշնակցությունը» դեմ է, որովհետև այն ոչ միայն չի պատասխանում երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այն նաև սոցիալապես անընդունելի առաջարկներ է ներկայացնում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ժողովրդագրական առումով բյուջեի ուղերձում մի սարսափելի բան է արձանագրվել, այն, որ նաև առանձին քաղաքական ուժեր այնպիսի հռետորաբանություն են կիրառում, կարծես թե ծննդաբերությունը անվճար է դարձել իրենց վարքագծով, կամ քիչ է մնացել ասեն, որ հայ ժողովուրդը ծննդաբերում է, որովհետև իրենք կան: Այսպիսի մոտեցումների արդյունքում մենք 2012 թվականի բյուջեի նախագծում ունենք հետընթաց՝ ծնունդների հարցում: Եթե այդքան արդյունավետ էր այդ համակարգը, ինչո՞ւ է հայ հասարակությունը որոշել չունենալ երեխաներ մեծ հաշվով, կամ ունենալ ավելի քիչ երեխաներ, քան թե նախորդ ժամանակահատվածում էր»,- ասել է Արծվիկ Մինասյանը
Անդրադառնալով «Դաշնակցության» հասցեին հնչող մեղադրանքներին, Մինասյանը, մասնավորապես, ասել է, որ քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչներ փորձում են իրենց տգիտությունը արտահայտել՝ հրապարակելով, թե «Դաշնակցությունը» պոպուլիստական մոտեցումներով է շարժվում:
«Առնվազն մարդ կամ պետք է չհասկանա, թե ինչի մասին է խոսում, կամ հասկանալով հանդերձ՝ իրեն դնի այլ մի երևույթի կամ այլ արարածի տեղ, որպեսզի այդպիսի հայտարարություն անի»,- ասել է Մինասյանը: Ըստ նրա` այսօրվա կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը չեն կատարել իրենց նախընտրական խոստումները և հետևաբար, «հիմա իրենցից ո՞վ է ավելի պոպուլիստ»: