Թուրքահայ լրագրող, «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի` 2007 թվականի սպանությունը կանխելու հարցում թերանալու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց գործը վերաքննող դատախազը վճռել է 30 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք առաջադրել, սակայն այս անգամ ոչ թե «անփութության», այլ «սպանությանը նպաստելու» հոդվածով:
«Անադոլու» գործակալությունը նշում է, որ վերջերս դատախազ Մուամար Ակաշը 30 կասկածյալների դեմ ոչ քրեական հետաքննություն սկսելու հրաման էր արձակել: Մինչ այդ Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հրաժարվել էր կասկածյալների դեմ հետաքննություն սկսելու թույլտվությհուն տրամադրել, իսկ Ստամբուլի դատախազի գրասենյակը բողոքարկել էր որոշումը Ստամբուլի շրջանային վարչական դատարանում: Դատարանը, սակայն, վճռել էր, որ 30 պաշտոնյաները չեն կարող մեղադրվել մասնագիտական անփութության մեջ փաստերի բացակայության պատճառով: Այժմ դատախազը վճռել է կասկածյալների նկատմամբ մեղադրանք առաջադրել ոչ թե մասնագիտական անփութության, այլ սպանությանը նպաստելու հոդվածով:
Նախնական հետաքննության շրջանակներում քննվելու են նաև Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամար Գյուլերը և Ստամբուլի նախկին ոստիկանապետ Չելալետին Շերահը: Այս որոշումը կայացվել է նաև շնորհիվ Դինքի ընտանիքի փաստաբանների պարբերական պահանջների, որոնք պնդում են, որ մի շարք պաշտոնատար անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ`այդպիսով չկարողանալով կամ չցանկանալով կանխել Դինքի սպանությունը: