«Եթե Քարդաշյան քույրերն աշխարհի ամենահայտնի հայ ընտանիքն են, ապա Հարավարևելյան Ասիայի Սարգիս եղբայրները պատմական հերոսներ են, հատկապես հյուրանոցային սեփականատերերի շրջանում», այսօր գրում է Thestar.com կայքը` անդրադառնալով հատկապես Սինգապուրում և Մալայզիական Փենանգ նահանգում ժամանակին հայտնի դարձած հայ ընտանիքին, որոնք առավելապես հռչակ էին վայելում շքեղ հյուրանոցների ցանցի հիմնադրման և կառավարման հարցում:
Եղբայրներ Մարտինը, Տիգրանը, Ավետը, Արշակը հյուրանոցներ են հիմնել ողջ հարավարևելյան Ասիայի տարածքում: Այդ հյուրանոցների թվում են E&O-ն և Crag Hotel-ը:
Penang Heritage Trust տարածաշրջանի մշակութային ժառանգությամբ զբաղվող ՀԿ-ի քարտուղար Կլեմենտ Լիանգը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Փենանգի հայկական համայնքը մեծ ներդրում է ունեցել տարածաշրջանում` հատկապես Սինգապուրում և Փենանգում:
«Հայկական համայնքը փոքրամասնություն էր կազմում, բայց նրանց ներդրումը շոշափելի էր, հատկապես Փենանգում հյուրանոցների ցանցի ստեղծման գործում»:
Ի դեպ, Ջորջ Թաունում (Փենանգ նահանգում գտնվող քաղաք) Հայկական փողոց կա և Արաթուն անունը կրող ճանապարհ:
Վերջինս այդպես է անվանվել Արաթուն Անտոնիի պատվին, ով իր ընտանիքը Փենանգ է բերել 1819 թվականին: Նա առևտրական և հողագործ է եղել:
«Ցավոք սրտի, հայ համայնքն այլևս այստեղ չի ապրում: Շատերն ԱՄՆ, Ավստրալիա և Սինգապուր են գաղթել 1930-ականներին»,- ասել է Լիանգը: