Home / Հայաստան / Նաիրա Զոհրաբյանը «բարեկամական խորհուրդ» է տվել ընտրություններում պարտված ՀՀԿ-ականին

Նաիրա Զոհրաբյանը «բարեկամական խորհուրդ» է տվել ընտրություններում պարտված ՀՀԿ-ականին

Իջևանի նախկին ՀՀԿ-ական  քաղաքապետին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարեկամական խորհուրդ է տվել չխոսել ընտրակաշառքների մասին, քանի որ դա չի բխում իր շահերից: Այս մասին Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է  այսօր ԱԺ-ում: Նրա խոսքով` եթե Իջևանի նախկին քաղաքապետը  շարունակի խոսել ընտրակաշառքների մասին, ապա իր մասին կասվի նաև ավելին:

Զոհրաբյանը նաև մեկնաբանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` օրերս թույլ տված արտահայտությունը, ով Իջևանի  փորձը համապետական ընտրություններում կիրառելու մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել էր` «լեզուդ չորանա»:

«Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի հայտարարություններին,  բոլոր կանխատեսումներին, մեկ բան հստակ է՝  ցանկացած ընտրության ելք որոշում է  ժողովրդի տված քվեն»:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, իր հերթին, խոսելով Իջևանի ընտրությունների մասին, ասել է, որ ՀՀԿ-ի երկվա գործադիր նիստում քննարկվել և վերլուծվել են հետևանքները, խնդիրները՝ դրանք հետագայում հաշվի առնելու նկատառումներով:

«Թերացումների կամ խնդիրների մասին մանրամասն տեղյակ չեմ: Բայց պետք է անել  որոշակի հետևություններ՝ մարզային,  տարածքային կառույցներում,  գտնել այն դրդապատճառները, որոնք պատճառ են հանդիսացել ՀՀԿ-ական թեկնածուի պարտության համար: Սա ՏԻՄ համակարգին վերաբերող խնդիր է,  այս խնդիրը քաղաքական ձևաչափի մեջ դիտարկել պետք չէ, և սա ուղղակի կուսակցության գործադիր մարմնի կողմից առաջարկ է  տարածքային կառույցներին ուշադրության  արժանացնել այս խնդիրը»,- ասել է Արտակ Զաքարյանը: