Երեկ ժամը 14:30-ից Ազգային Ժողովի դահլիճում վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծված ամենաանհեթեթ իրավիճակն է արձանագրվել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը վկայում է, որ այդ պահին նիստը նախագահել է Սամվել Բալասանյանը, ՀՀ կառավարության անունից զեկուցել է Տիգրան Դավթյանը, իսկ դահլիճում նստած է եղել ընդամենը մեկ պատգամավոր` ԲՀԿ նորընտիր անդամ Մուշեղ Պետոյանը:
«Անգամ նախարար Դավթյանը չի կարողացել զսպել ծիծաղը, երբ հարցը ներկայացնելուց առաջ դիմել է մինուճար Պետոյանին ու ասել` «հարգելի պատգամավորներ»: Պետոյանի շուրջ երեկ ԱԺ-ում կատակում էին, թե նա նոր է ու դեռ չի հասկացել, որ կարելի է «թռնել» ԱԺ նիստից», – նշում է «ՉԻ»-ն:
Նշենք, որ Մուշեղ Պետոյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավոր է գրանցել իր նոյեմբերի 3-ի նիստում: Պետոյանը փոխարինել է ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանին, ով հրաժարվել է իր մանդատից: