ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում բացատրել է, թե ինչու պաշտոնում նշանակվելուց հետո, հանդիպելով ոստիկանական համակարգի աշխատակիցներին, ինքը վերջիններիս դիմել է «միլիցա-պեպելնիցաներ»:
«Այ, «միլիցա-պեպելնիցա» որ ասել էի՝ դրա մասին ասեմ։ Գասպարյանը էդքան պրիմիտիվ չի: Խոսքը եղել է այն մասին, որ Տերն ինձ ողորմել է, ու ես փոքր` 7 տարեկան տղա ունեմ։ Տերն ինձ ողորմել է, որ տղաս դեռ չի հասկանում, որ բակում խաղալուց էրեխեքը ձեռ են առնում, միլիցով են վախեցնում` արա, միլիցեն եկավ, արա, միլիցա-պեպելնիցա, արա, տո լավ, էսի միլիցու տղայա, հետը գործ չունես և այլն։ Լավ է, որ իմ տղան դեռ փոքր է ու չի հասկանում, որ ամենագլխավոր միլիցու տղեն է ինքը։ Ես ամաչում եմ դրանից, որ իմ էրեխեն կարող է նեղվի մեր երեսից, որովհետև մենք ենք էս համազգեստը կեղտոտել, մենք ենք այնպես արել, որ այդպես են վախացնում։ Մենք բիրտ ու կոպիտ ենք։ Մենք տեսնում ենք, որ մեր միլիցեն փնթի է, մեր միլիցեն վատն է։ Ես ամաչում եմ, որ իմ երեխուն այդպիսի բաներ են ասում», – հայտարարել է Գասպարյանը։
Նա նաև նշել է, որ այս պահին ոստիկանության կենտրոնական ապարատը ուռճացված է:
«Հիմա այսպիսի մեծ դինոզավր ունենալը, որն իր վրա բարձել է աշխատակիցներին ու աշխատասենյակները, որտեղից միայն սուրճի կամ մանիկյուրի հոտ է գալիս… նախարարությունն այդպիսի բանի տակ չի կարող աշխատել», – ասել է Գասպարյանը: