ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի Ռիկե հրապարակում նոյեմբերի 23-ին` «Վարդերի հեղափոխության» 8-րդ տարեդարձի (2003 թվականի նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխություն, որի արդյունքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց լիազորությունները, և իշխանությունը փոխանցվեց ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին), ինչպես նաև «Գիորգոբա» եկեղեցական տոնի օրը:
Հուշարձանի բացումը կապված է Խորհրդային Միության փլուզման 20-ամյակի հետ: Պատվանդանին գրված են լինելու Ռոնալդ Ռեյգանի հայտնի բառերը` անգլերենով և վրացերենով. «Ազատությունը բոլոր սերունդների խնդիրն է»:
Բրոնզե քանդակը ներկայացնում է նստարանին նստած Ռեյգանին: Բոլոր ցանկացողները կարող են նստել նախագահի կողքին և լուսանկարվել: Կիրակի հուշարձանն այգի են տեղափոխել, որտեղ այժմ ընթանում են հուշարձանի տեղադրման աշխատանքները:
Հուշարձանի հեղինակը վրացի քանդակագործ Ավթանդիլ Մոնասելիձեն է, ով աշխատել է այս ստեղծագործության վրա երեք տարի, հայտնում է «Գրուզիա-Օնլայնը»:
Ռոնալդ Ռեյգանը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի աթոռը 1981-1989 թվականներին: