Home / Հայաստան / Արտագաղթը և Սփյուռքը. Բրիտանացի փորձագետը` Հայաստանի խնդիրների և ապագայի մասին

Արտագաղթը և Սփյուռքը. Բրիտանացի փորձագետը` Հայաստանի խնդիրների և ապագայի մասին

Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցը, սակայն դրանից տուժած Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել: Այսպես է սկսում nationalinterest.org կայքում տպագրված իր հոդվածը Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:

«Անցած շաբաթ Գյումրի այցելության ժամանակ ինձ ուղեկցում էր տեղական օրաթերթի խմբագիր Լևոն Բարսեղյանը: Նա հպարտորեն ցույց էր տալիս սև քարով պատրաստված տները, որոնցով հայտնի է իմպերիալիստական Ռուսաստանի այս հին քաղաքը: Բայց նա նաև մատնանշեց հին շուկայի շենքը, որը դեռ ավերակ է. փաստացիորեն խորհրդային շենքերը փլուզվել են, մինչդեռ ավելի հին կառույցները`պահպանվել: Նա ինձ պատմեց նաև, որ 6 հազար ընտանիքներ դեռևս շարունակում են ապրել «ժամանակավոր բնակության» կացարաններում, որոնք տրամադրվել էին խորհրդային կառավարության կողմից:

Բայց Գյումրիում ավելի լուրջ խնդիր կա, որն այսպիսի քաղաքում առավել ակնառու խնդիր է, քան Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կամ նախկին Խորհրդային միության որևէ այլ խոշոր քաղաքներից մեկում: Այս բնակարաններից շատերը կիսով չափ դատարկ են: Հազարավոր մարդիկ պարզապես հեռացել են», – նշում է դե Վաալը:

Փորձագետը նշում է, որ այս խնդրին է բախվել Կենտրոնական Ասիան, Վրաստանը, Ադրբեջանը, որտեղ երիտասարդները, մասնավորապես, գյուղական երիտասարդությունն առհասարակ հեռացել են, առավելապես Ռուսաստան` աշխատանք գտնելու նպատակով: Բայց երկու երկրների վրա հատկապես ծանր է անդրադարձել այս խնդիրը` դա Մոլդովան և Հայաստանն է:

«Հայաստանի արտագաղթը բացարձակ թվերով հավանաբար ավելի քիչ չէ, քան իր հարևան երկու հարավկովկասյան երկրները` Ադրբեջանն ու Վրաստանը: Բայց երկրի փոքր չաեփերը  խնդիրն առավել ճգնաժամային է դարձնում:

2001 թվականի մարդահամարը ցույց տվեց, որ Հայաստանի բնակչությունը հասել է մոտ 3 միլիոնի: Շատերը հավատացած են, որ ցուցանիշը շատ ավելի փոքր է, քան նշվել է: Բնակչության թիվը պակասեց, չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 400,000 մարդ Հայաստան էր մտել 1989-92 թվականներին: Նրանք Լեռնային Ղարաբաղի փախստականներն ու Մերձավոր Արևելքից ներգաղթածներն էին: Բայց այդ մարդկանցից քչերն են մնացել երկրում: Մոտ մեկ միլիոն մարդ  լքել է Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո:

Այժմ այս խնդիրը կապված է նաև  Հայաստանի հիմնական դաշնակից Ռուսաստանի հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակավ անհանգստություն հայտնեց Ռուսաստանի կառավարության «հայրենակիցների» ծրագրի վերաբերյալ, որը հազարավոր հայերի քաղաքացիություն շնորհելու խոստում է տալիս և աշխատանք, եթե նրանք բնակեցնեն Սիբիրի տարածքները: Արդյունքում, մի դաշնակիցը լուծում է իր ժողովրդագրական խնդիրները մյուսի հաշվին:

Ընդդիմությունը, որի հետ հանդիպեցի Հայաստանում, վստահեցնում է, որ կառավարությունը արտագաղթը կանխելու որևէ մտադրություն չունի: Այն գործում է որպես դժգոհություն ունեցող զանգվածի վրա գործադրվող ճնշում, որոնք կարող են խարխլել իշխանության հիմքերը: Դա թույլ է տալիս իշանություններին ուռճացված ընտրազանգված ներկայացնել, որպեսզի կարողանան առավել հեշտությամբ կեղծել առաջիկա ընտրությունները: Ավելին, փողային փոխանցումներն օգնում են երկիրը ջրի երեսին պահել:

Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, 2010-ին Հայաստանի ՀՆԱ-ի 9 տոկոսը ձևավորվում է արտաքին փոխանցումներից:

Բայց դժվար է զարգացած երկիր ունենալ, քանի դեռ արտագաղթ կա:  Կարևոր է պահպանել գյուղատնտեսությունը: Մշտական 80 հազարանոց ուժեղ բանակ է հարկավոր Ադրբեջանին դիմակայելու համար, իսկ 18-ամյա երիտասարդների թիվը չափազանց նվազ է:

Թերևս միակ հույսը Սփյուռքն է, որն օգտագործել է այս տարիները առավել լավ կրթություն ստանալու և վերապատրաստվելու համար, քան նրանք կարող էին ստանալ Հայաստանում: Երբ և եթե Հայաստանը վերադառնա իր ազգային զարգացմանը, այդ մարդիկ կներգաղթեն կրկին, կհայտնվեն նոր պատմության ավանգարդում», – գրում է դե Վաալը: