Ուրբաթ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Իրանի դեմ բանաձևին դեմ է քվեարկել ընդամենը 9 երկիր, այդ թվում` Հայաստանը, գրում է ռուսաստանյան «Կոմերսանտը»: 38 երկիր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, 40 պետություն, այդ թվում` Ռուսաստանը և Չինաստանը, ձեռնպահ են մնացել, ՄԱԿ-ի 106 անդամ կողմ է քվեարկել:
Բանաձևը ներկայացրել էր Սաուդյան Արաբիան` կոչ անելով Իրանին համագործակցել այն պետությունների, որոնք ցանկանում են պատասխանատվության կանչել» ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձի կազմակերպիչներին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ դավադրություն են բացահայտել, որի նպատակն է սպանել Սաուդյան Արաբիայի դեսպանին: Ամերիկյան կողմի պնդմամբ` դավադրության հետևում կանգնած են եղել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները:
«Կոմերսանտը» գրում է, որ Սաուդյան Արաբիայի բանաձևի ընդունումը մեծ հարված էր Իրանի համար, քանի որ վերջինիս չի աջակցել և ոչ մի իսլամական երկիր, մինչդեռ Իրանն իրեն ներկայացնում է որպես իսլամական աշխարհի քաղաքական առաջնորդ:
Բանաձև դեմ քվեարկած 9 պետությունների շարքում են ինքը` Իրանը, Հայաստանը, Զամբիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան և Էկվադորը:
«Կոմերսանտի» լրագրող Մաքսիմ Յուսինը գրում է, որ, փորձագետների կարծիքով, հայկական կողմի նման քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը դիտում է Իրանը որպես իր հակառակորդի` Թուրքիայի հակակշիռ և ձգտում է այդ երկրի հետ սերտ հարաբերություններ պահպանել:
Նշենք, որ Ադրբեջանն ու Վրաստանը եղել են այն երկրների շարքում, որոնք ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: