Օրերս տեղի ունեցած արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող մեկ տասնյակից ավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների փակ ժողովի օրակարգում մեկ հարց է եղել` ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը և դրանից բխող ժամանակից շուտ սկսած նախընտրական արշավի պայմաններում հետագա քայլերի հստակեցումը: Այս մասին ասված է ժողովի նախաձեռնող խմբի համակարգողներ «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ Գրիշա Սարգսյանի և «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ Յուրա Միքայելյանի տարածած հայտարարության մեջ:
«Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող գործընթացները տեղավորվում են միայն ընտրական պրոցեսների տրամաբանության շրջանակներում: Մոտալուտ ընտրություններին ընդառաջ տարբեր կուսակցությունների կողմից հաճախակի են դարձել Արցախյան ազատամարտի մասնակիցների հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներն ու քննարկումները, որոնց նպատակն է առաջիկա ընտրություններում ստանալ ազատամարտիկների ձայները և նրանց գործուն աջակցությունը:
Ամեն օր նորից լսում ենք անիմաստ, ոչինչ չասող, բառախաղ հիշեցնող քաղաքական գործիչների ճառերն ու ելույթները: Հեռուստատեսությամբ անընդհատ տեսնում ենք հասարակությանը վաղուց արդեն ձանձրացրած ու տարիներ շարունակ եթերից չիջնող նույն դեմքերին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կուսակցություններն ունեն միայն մի նպատակ`ընտրությունների միջոցով ամեն գնով վերարտադրվել, որը դարձել է նրանց գերակա խնդիրը և այդ նպատակին է ծառայեցվում ցանկացած գործընթաց:
Այսօրվա մեր իրականության պատկերը` դա ազգաբնակչության օր-օրի վատթարացող սոցիալական վիճակն է, գոյություն ունեցող գաղափարական ու բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անարդարությունը, համատարած բնույթ կրող անպատասխանատվությունն ու անպատժելիությունը:
Ազատամարտիկն իր ընտանիքի հանապազորյա հացի խնդիրը լուծելու համար պանդխտության ցուպը ձեռքին լքում է հայրենիքը` գերադասելով կամովի գերի հանձնվել այլ երկրների սոցիալական ծառայություններին:
Սովորաբար ստիպողաբար գերեվարվում են պատերազմների ժամանակ, իսկ խաղաղ պայմաններում գերի հանձնվելը անհասկանալի է:
Արդեն բոլորն են գիտակցում, որ մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ, համակարգային և որակական փոփոխություններ», – նշում են հասարակական կազմակերպությունները:
Նրանք ընդգծում են, որ Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությունը բարձրագույն արժեք համարող հասարակական կազմակերպություները չեն համակերպվելու նման իրավիճակի գոյության հետ:
«Արցախյան պատերազմի վետերաններին միավորող մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունները, քաջ գիտակցելով պետության և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը` խաղալիք չեն դառնա այս կամ այն քաղաքական ուժի ձեռքում, չեն գայթակղվի տարաբնույթ սին խոստումներով, հաստատակամորեն կշարունակեն իրենց դավանած գաղափարների իրագործումը և գալիք խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու ազատ և արդար ընտրությունների անցկացման օգտին :
Մենք մտահոգ ենք մեր ազատագրած հայրենիքի, մեր պետականության, հաղթանակած բանակի համար և այսօր ավելի համախմբված ու վճռական ենք մեր գործողություններում», – եզրափակում են հայտարարության հեղինակները: