Ռուսաստանյան «Գազպրոմը», որի դուստր ձեռնարկությունն է Հայաստանում «Հայռուսգազարդը», և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մոսկովյան ղեկավարությունը Հայաստանում ստուգումներ են անցկացրել, որոնց արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի գումարների կորուստ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ով նշել է, որ նման տեղեկատվություն կա նաև ռուսաստանյան կայքերում:
«Տեղեկություններ կան, որ հենց այդ պատճառով էլ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին հեռացրել են աշխատանքից», – ասել է Վահագն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մինչև քաղաքապետ դառնալը ղեկավարել է «Հայռուսգազարդը»:
«Ժամանակին Հայ Ազգային Կոնգրեսը հայց ներկայացրեց դատարան՝ նշելով, որ գազի գինն արհեստականորեն բարձրացվում է և կատարվում են ավելորդ ծախսեր: Մենք դիմել էինք նաև ռուսական կողմին և պահանջել ուշադրություն դարձնել այն իրավիճակին, որ նրանք Հայաստանին գազը վաճառում են 180 դոլարով 1000 խ.մ-ի դիմաց, իսկ հայաստանյան իշխանությունները գազը հայկական սպառողին վաճառում են 360 դոլարով», – ասել է Վահագն Խաչատրյանը:
Վերջինս նաև չի բացառել, որ հնարավոր է` դա է առիթ հանդիսացել ռուսական կողմի ուսումնասիրությունների համար: