Հայ Ազգային Կոնգրեսի նոյմեբերի 25-ին կայանալիք հանրահավաքում ամենայն հավանականությամբ կընդունվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը: Այս մասին այսօր Առաջին ալիքով հեռարձակվող Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Դա նշանակում է, որ մենք կձևակերպենք, թե որոնք են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության, իմպիչմենտի, հեռացման հիմքերը և այդ հիմքերը ունենալով` մենք գնալու ենք երկու զուգահեռ պրոցեսներով Սերժ Սարգսյանի հրաժարականը պարտադրելուն: Առաջինը` դա ժողովրդի ուղիղ ճնշումն է, այսինքն` դա նշանակում է, որ հարյուր հազարավոր մարդիկ պետք է դուրս գան փողոց, իրավիճակը դարձնեն բացարձակապես անկառավարելի այս ռեժիմի համար, և ռեժիմը հասկանա, որ չկա այլ հնարավորություն, քան հանձնել իշխանությունը»,- ասել է Զուրաբյանը:
Նվեր Մնացականյանի այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը «գնալու է ցնցումների», Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ վերոնշյալը ցնցում չէ, քանի որ ՀԱԿ-ը շատ լավ կառավարում է իր հանրահավաքները, և «ժողովուրդը գործելու է Սահմանդրության շրջանակներում»: Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, թե որն է մյուս ճանապարհը, որը զուգահեռ օգնելու է նկարագրված առաջին ուղուն:
«Դա լինելու է պաշտոնանկության ճանապարհը, այսինքն` կա Սահմանադրությամբ սահմանված մի ճանապարհ պաշտոնանկության համար. Ազգային ժողովն հարուցում է այդ հարցը և, համապատասխան իրավական գործընթաց անցնելուց հետո, կատարվում է նախագահի պաշտոնանկություն: Մենք ժողովրդական ճնշմամբ նաև ցանկանալու ենք այդ հարցը հասցնել այն վիճակին, որ Ազգային ժողովն այդ հարցը բարձրացնի: Եթե դա չհաջողվի այս Ազգային ժողովին, կամ չկարողանանք մինչև հերթական ընտրությունները հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ուրեմն հերթական ընտրությունները դառնալու են հանրաքվե` Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահություն հայտնելու համար: Այսինքն` մեր ծրագրի մեխը դառնալու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը»,- ասել է Լևոն Զուրաբյանը: