ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները ուսումնասիրելու և հայտարարությունների համաձայն քրեական գործ հարուցելու մասին:
Դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` վարչապետի դիմումը, ինչպես նաև 2011 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Առաքելյանի բաց նամակը այսօր ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ ըստ էության ընթացքը լուծելու: Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաև նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հ.Առաքելյանի անունից ստացված ֆաքսը:
Հիշեցնենք, որ երեկ Առաքելյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել էր իր կողմից կառավարություն ուղարկված այն հայտարարությունը, որը, ՀՌԱԿ ատենապետի խոսքով, չի ներկայացվել հանրությանը: Հայտարարությունը կրում է «Պետական միջոցների խոշոր չափերի` 31 մլն ԱՄՆ դոլարի հափշտակության ուսումնասիրության վերաբերյալ» անունը:
«2006 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ էր, «Նաիրիտ» գործարանի պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի իրականացրած առք ու վաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության 20 հազար ֆունտ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը, որի սեփականատերերը մինչ օրս անհայտ են հանրությանը», – ասված է Առաքելյանի հաղորդագրությունում, որի համաձայն Տիգրան Սարգսյանը և ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մասնակցել են գործարքին, որի հետևանքով 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրն անհայտ է մնացել: