Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեի մոսկովյան այցի ընթացքում քննարկվել է նաև Երևան կատարելիք այցի մասին հարցը: 1news.az-ի փոխանցմամբ` Փաշազադեն ծանոթացել է նոյեմբերի 29-30-ին Երևանում անցկացվելիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի ծրագրի հետ:
Ծրագրի համաձայն` քառակողմ փաստաթղթերի նախագծեր են պատրաստվել, որոնք նիստի շրջանակներում պետք է ստորագրվեն Ալահշուքյուր Փաշազադեի, Մոսկվայի և համայն Ռուսյո Պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Վրաց պատրիարք Իլիա Երկրորդի կողմից: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերի հետ, որից հետո միայն կորոշի` մասնակցելու է Երևանում կայանալիք հանդիպմանը, թե ոչ: