Միջերկրածովյան Կորսիկա կղզու հարյուրավոր բնակիչներ լքում են իրենց տները ջրհեղեղի պատճառով: Արդեն երրորդ օրն է, ինչ ֆրանսիական կղզում չեն դադարում հորդառատ անձրևները: Գետերը դուրս են եկել ափերից, ջրի տակ են անցել մի քանի բնակավայրեր: Երթևեկությունը կաթվածահար է եղել, ճանապարհներն ու կամուրջները ամբողջությամբ ջրի տակ են: Տասնյակ վարորդներ փակված են մնացել սեփական մեքենաներում: Տեղական իշխանությունները լուրեր չեն հաղորդում ոչ զոհվածների, ոչ էլ տուժածների մասին:
Նմանատիպ իրավիճակ է նաև Սիցիլիայում: Մեսինա շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների գրեթե մեկ ամսվա նորմա է գրանցվել: Ջրի և կեղտի հոսքի հետևանքով ավերվել են տները: Մի քանի մարդ անհայտ կորած է համարվում: Գլխավոր ճանապարհները փակ են: Տեղի բնակչությունը համեմատում է ներկայիս ջրհեղեղը երկու տարվա վաղեմություն ունեցող դեպքերի հետ, այն ժամանակ աղետի զոհ էր դարձել 30 մարդ: