«Վիտամին ակումբի» անդամները փողի հետևից չեն ընկնում և հարսանիքներ չեն վարում: Այս մասին «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է հումորիստ, դերասան, հաղորդավար Արամ MP3-ը:
«Այսօր ռեյտինգի շնորհիվ մեզնից շատերը կարող էին շատ փող աշխատել, որտե՞ղ` հարսանիք վարելով, բայց մեզանից ոչ մեկը հարսանիք չի վարում, մենք էդպես ենք որոշել», – ասել է Արամ MP3-ը:
«Գումարի հետևից ընկնելը շատ հեշտ կործանման է բերում: Քեզ ամենասկզբում չեն սիրել, որովհետև դու ռեյտինգով ես, սիրել են քո կերպարը, իսկ դա չպիտի կորցնել: Մի արտահայտություն կա` հոգին ծախել սատանային: Էս պարագայում սատանան փողը համարենք, իսկ էդ տեսակ մարդիկ, որոնք գնում են դեպի փողը, միշտ կործանվում են», – ասել է շոումենը:
Արամ MP3-ը չի բացառել, որ դրսից առաջարկ ունենալու դեպքում կարող է համաձայնել մեկնել երկրից, սակայն վերադառնալու պայմանով:
«Բայց որ ես ուզում եմ գնալ էս երկրից, ինձ դուր չի գալիս էս երկիրը, ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում: Ես ունեի այդ շանսը, բայց չեմ գնացել», – պատմել է նա:
Խոսելով այսօր հումորի դաշտում առկա տաբուների մասին` Արամ MP3-ը կարծիք է հայտնել, որ կոնկրետ տաբուներ չկան, պարզապես իրենք գիտակցում են, որ կան թեմաներ, որոնց պետք չէ անդրադառնալ, «որովհետև մեր ազգը ծանր է տանում»: Ըստ շոումենի` նման թեմաներն են հայրենասիրությունը կամ պատերազմը:
Լուսանկարը` ԱրամMP3-ի Facebook-ի էջից