Շուտով Ֆիլադելֆիայի բժշկական թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն հարաբերականության տեսության հիմնադիր, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղի կտրվածքները, հայտնում է CBS News-ը:
Հանրության ուշադրությանը կներկայացվեն մարդու մազից էլ բարակ գիտնականի գլխուղեղի 46 կտրվածքները, դրանցից մեկը հնարավոր կլինի մանրամասն ուսումնասիրել մանրադիտակով: Հետագայում կցուցադրվեն նաև մանրադիտակով խոշորացված Էյնշտեյնի գլխուղեղի բջիջները:
Նյարդաբան Լյուսի Ռոռկ-Էդամսը նշում է, որ հանճարի այս օրգանը, իսկապես ունիկալ է: Գիտնականը մահացել է 76 տարեկան հասակում, սակայն նրա ուղեղը երիտասարդի ուղեղի տեսք ունի: Այն չունի տարեցներին բնորոշ մաշվելու պեգմենտը: Գլխուղեղի անոթները նույնպես հիանալի վիճակում են:
Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականին ԱՄՆ-ի Փրինստոնի հիվանդանոցում: Գիտնականին դիահերձող Թոմաս Խարբին հանել էր նրա գլխուղեղն ու «պահածոյացրել» այն ֆորմալինային լուծույթի մեջ, նկարահանել տարբեր անկյուններից, իսկ այնուհետև մասնատել մոտ 240 բաժինների, որոնց մի մասն ուղարկել էր տարբեր գիտնականների: Այսպիսով. երրորդ անձի միջոցով գիտնականի ուղեղի հատվածները հայտնվել են բժիշկ Ռոռկ Էդամսի մոտ, վերջինս էլ հենց որոշել է նվիրաբերել գիտնականի ուղեղի կտրվածքները թանգարանին: