Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողները կրկին բողոքում էին այն փաստի կապակցությամբ, որ, պաշտոնական վարկածի համաձայն, իրենց որդիների սպանությունները որակվում են որպես ինքնասպանություն:
Ծնողների` յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ հնչեցվող այս պահանջի մասին հարցը լրագրողներն ուղղել են կառավարության նիստից դուրս եկած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
«Օգտագործելով մեր հրամանատարական կազմի տեղեկությունները, հասարակության բոլոր խավերի աջակցությունը մեզ, հ/կ-ների առաջարկությունները… բանակի հրամանատարությունն այսօր այն կառույցն է, որն ամենալավն է տիրապետում, թե բանակում ինչ է կատարվում և ինչպես պայքարել դրանց դեմ: Այդ որակումները իրենց մեջ պարունակում են իրավական փաստեր և ցանկացած որակում նախնական հետազոտման, նախնական տվյալների արդյունք է, որը քրեական գործի ընթացքում կարող է այս կամ այն կերպ, այս կամ այն ուղղությամբ փոխվել», – ասել է Օհանյանը:
Այս առնչությամբ նա կարծիք է հայտնել, որ այսօր ՀՀ զինվորական դատախազը Գևորգ Կոստանյանը նորմալ է աշխատում, և նա ամենից շատ է շահագրգռված, որ ՀՀ ՊՆ-ն լիարժեք տեղեկություններ ստանա:
«Մենք համատեղ աշխատում ենք, որովհետև նման գործերի ճիշտ բացահայտումը օգնելու է կարգապահության ամրապնդմանը»,- ասել է նախարարը:
Նշենք նաև, որ հեռանալիս Սեյրան Օհանյանը զրուցել է 2010 թվականի հուլիսին բանակում սպանված Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի հետ, և հավաքվածների առջև խոստացել է, որ մի քանի օրվա ընթացքում կընդունի նրան: