Մի շարք հասարակական կազմակերպություններ, բնապահպաններ, Երևանի բնակիչներ քաղաքային իշխանություններից պահանջում են, որպեսզի Արամի 30 հասցեում գտնվող կառույցը չտեղափոխվի և պահպանվի իր տեղում:
Երևանի իշխանություններին ուղղված բաց նամակում նրանք իրենց պահանջը հիմնավորում են հետևյալ կետերով.
– Կառույցը գտնվում է մի փողոցում, որի ճարտարապետական համատեքստային տրամաբանությունը փոփոխելն անընդունելի է, քանի որ դրանով կվերանա զբոսաշրջիկներին գրավող և երևանցիների համար հարազատ քաղաքային յուրահատուկ կոլորիտն ու գեղագիտական արժեքը,
– հանդիսանալով քաղաքի կենտրոնում պահպանված՝ 19-րդ դարի սակավաթիվ կառույցներից մեկը և միաժամանակ՝ կարմիր տուֆից կառուցված բացառիկ շինություն՝ ըստ էության հուշարձան է, որն առանձնանում է ճարտարապետական հին և յուրատիպ հորինվածքով,
– ապամոնտաժման համար դեռևս չկա հաստատված որոշում, ուստի անհասկանալի է, թե ինչու է արդեն շոշափվում շենքը «քանդելու» գաղափարը. իսկ եթե որոշում, այնուամենայնիվ, ընդունվել է, ապա հանրությանը պետք է նախապես տեղեկացվեր այդ մասին,
– այն պատմական կորիզի մի մասն է կազմում, քանի որ Երևանի պատմության մի զգալի շերտ ներկայացված է քաղաքի կենտրոնում կանգուն մնացած՝ արդեն իսկ սակավաթիվ շենքերով, ուստի պատմական այդ կորիզի հետագա ձևախեղումը ենթադրող ցանկացած քաղաքաշինական գործընթաց, բացարձակապես անընդունելի է,
– ոչնչացնելու ցանկացած մտադրություն, ինչպես նաև ՀՀ-ում պատմամշակութային նշանակություն ունեցող այլ կառույցների գոյության նկատմամբ ցանկացած ոտնձգություն խոցելի է դարձնում նաև արտերկրում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության պետական քաղաքականությունը:
Նամակի հեղինակները նշում են, որ քանի դեռ հանրային քննարկման չի դրվել Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածի քաղաքաշինական ամբողջական լուծման հարցը, քաղաքի տվյալ հատվածում կատարվող բոլոր ձևափոխությունները պետք է սառեցվեն, և տարածքը չպետք է ենթարկվի որևէ փոփոխության:
Լուսանկարը` norayr.arnet.am