39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է նրա մտերիմ ընկեր Հայկը:
«Ինքը դա հասկանալով ա արել: Թեկուզ հարբած, բայց հասկանալով: Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել: Բողոքել ա իր սոցիալական ծանր վիճակի համար», – թերթին պատմել է Հայկը և հավելել, որ մինչ օրս Իսոյանը փաստաբան չունի և հրաժարվում է ցուցմունքներ տալուց. «Մտածում ենք, որ փաստաբանի կարիքը չկա: Իր հանցանքը ի՞նչ ա, որ մի հատ էլ պաշտպանվի: Ոչ թե ինքը հրաժարվել ա փաստաբանից, այլ ուղղակի դրա մասին մտածելու հերթը չի հասել»:
Իսոյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, միջադեպի հետ կապված նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ միջադեպի ժամանակ նա գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և չի գիտակցել, թե ինչ է անում: Ըստ թերթի` նրա արարքը, փաստորեն, քաղաքացիական անհնազանդության ակցիա է: