1938-ին Դերսիմում մեկ տասնյակ հազարից ավել ալևիների սպանությունների համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը պետության անունից իրարանցում է առաջացրել ինչպես Թուրքիայի, այնպես էլ արտասահմանի հայերի շրջանում, գրում է թուրքական Hürriyet Daily News-ը:
«Կարծես, Էրդողանը պատրաստ է քննարկել Թուրքիայի պաշտոնական պատմությունը: Հուսով եմ` նա նմանապես կվերաբերվի նաև Հայոց Ցեղասպանության հարցին: Ցեղասպանության ճանաչումը կբարձրացնի Թուրքիայի վարկը և հնարավորություն կտա առերեսել սեփական պատմությանը»,- պարբերականի հետ զրույցում ասել է Լոնդոնում գործող «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը:
Ի տարբերություն Սարաֆյանի, Ստամբուլի հունական «Ապոյևմատինի» օրաթերթի գլխավոր խմբագիր Միխալիս Վասիլիադիսը լավատեսորեն տրամադրված չէ և կարծում է, որ վարչապետի ելույթը ընդամենը քաղաքական մանյովր էր:
«Արդյո՞ք նա ներողություն կխնդրի 1955-ի սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած իրադարձությունների (Ստամբուլում և Իզմիրում հարձակման ենթարկվեցին փոքրամասնությունների, այդ թվում` հույներին պատկանող խանութները, եկեղեցիները, թերթերի խմբագրություններն ու գերեզմանոցները) և մի շարք այլ ողբերգական դեպքերի համար, որ տեղի են ունեցել Թուրքիայի ողջ պատմության ընթացքում: Ես մեծապես կասկածում եմ»,-ասել է Վասիլիդասը:
«Ես արտասվում էի վարչապետի ելույթի ժամանակ: Ես հավատում եմ նրան: Նրա վերաբերմունքը կբերի 1915 թվականի դեպքերի ճանաչմանը, պետությունը մեզանից ներողություն կխնդրի»,- Hürriyet-ի հետ զրույցում ասել է ազգությամբ հայ, վերջին թուրքական խորհրդարանական ընտրություններում Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) թեկնածու Արև Չեբեչին:
Սակայն Չեբեչին, որի թեկնածությունը քննադատությունների էր արժանացել Ստամբուլի հայ համայնքի կողմից, ասել է, որ CHP առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուի հայտարարությունն այս հարցի վերաբերյալ չի սազում ձախական կուսակցությանը:
Չեբեչին միաժամանակ հայտնել է, որ պատրաստվում է հրաժարվել իր ակտիվ գործունեությունից կուսակցության ներսում:
Նշենք, որ, արձագանքելով Էրդողանի հայտարարությանը, CHP-ի ղեկավար հայտարարել էր.
«Վարչապետի հայկական սփյուռքի նման է մտածում: Էրդողանը շուտով հայկական Ցեղասպանությունն էլ կճանաչի»:
Վարչապետի պատասխանը, սակայն, պակաս զարյույթով լի չի եղել.«Դուք համարձակվում եք միևնույն նժարի վրա դնել ինձ ու հայկական սփյո՞ւռքը: Ամոթ ձեզ: Ես ձեռնոց եմ նետում յուրաքանչյուրին, ով համարձակվում է համեմատել ինձ ու հայկական սփյուռքը: Ձեր տեղը ճանաչեք», – ասել է Էրդողանը: