Home / Հայաստան / Ընդդիմություն-իշխանություն. Դերսիմի ջարդի շուրջ բանավեճը Թուրքիայում շարունակվում է

Ընդդիմություն-իշխանություն. Դերսիմի ջարդի շուրջ բանավեճը Թուրքիայում շարունակվում է

1930-ականներին թուրքական Դերսիմում ալևիների սպանությունների համար ներողություն խնդրելու մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին ի պատասխան, երկրի հիմնական ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն հրաժարվել է դա անել, և պահանջել է կառավարությունից բացել Դերսիմի վերաբերյալ  պետական արխիվները:

Հիշեցնենք, որ համաձայն Էրդողանի, CHP-ն, որը ղեկավարել է երկիրը 30-ականներին, պատասխանատու է Դերսիմի սպանությունների համար և պետք է ներողություն խնդրի, քանի որ ինքը`Էրդողանը, պետության անունից արդեն արել է դա:

Միաժամանակ վարչապետը հայտարարել էր, որ ոչ ոք չպետք է 1915-ի դեպքերը համեմատի Դերսիմի սպանդի հետ և խոստացել «իր տեղը ցույց տալ» յուրաքանչյուրի, ով կհամարձակվի նման համեմատություն անել:

Քիլիչդարօղլուն, այդուհանդերձ, չի պատրաստվում իրականացնել վարչապետի կոչերը. «Ինչո՞ւ  չեք բացում Թուրքիայի Հանրապետության արխիվները: Նախկինում`2002 թվականին մենք նման առաջարկով ենք հանդես եկել, սակայն մերժվել ենք «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կողմից: Դուք պետք է ազնիվ լինեք պատմության առջև կանգնելու հարցում: Ես նույնպես կոչ էի արել վարչապետին ներողություն խնդրել Դերսիմի դեպքերի համար: Նա այն ժամանակ ասաց, որ չի կարող անել դա: Այդուհանդերձ նա ներողություն խնդրեց երեկ: Բայց ներողություն հայցելը բավարար չէ», – հայտարարել է Քիլիջդարօղլուն:

Խոսելով չորեքշաբթի Դերսիմի վերաբերյալ որոշ արխիվների հրապարակման մասին, որոնք իրականացվել էին Էրդողանի կողմից, Քիլիչդարօղլուն ասել է, որ այդ փաստաթղթերը նույնպես անհայտ չէին մարդկանց և որ պետական արխիվները նույնպես բավարար չեն` նշելով, որ պետությունը պետք է վերադարձնի Դերսիմից արտաքսված ժողովրդին իր սեփականությունը:

«Դերսիմի ժողովուրդը թույլ չի տա AKP-ին շահագործել իրենց ցավը»,-ավելացրել է կուսակցության առաջնորդը:

Քննարկումների և վիճաբանությունների թեմա դարձած Դերսիմի սպանդը վերաբերում է մեկ տասնյակ հազարից ավելի ալևիների մահերին: Համաձայն չորեքշաբթի Էրդողանի կողմից հրապարակված թվերի, 1936-1939 թվականներին Դերսիմում 13,806 մարդ է զոհվել: